211652_close_icon
views-count1183 դիտում article-date 12:58 23-04-2019

ՏԿՏՏ նախարարն այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելեց «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ: Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին: Նախարարը նախ շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցեց աշխատակիցների հետ: 2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլև մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլ երկրներից: Հանդիպմանը քննարկված կարևոր թեմաներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների և բուհական համակարգի միջև համագործակցությունն էր: «Վինեթի» ընկերությունը տեղի բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ինտերնշիփեր, ինչի արդյունքում առավել լավ արդյունքներ ցուցաբերողները դառնում են ընկերության աշխատակիցներ: Նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց ընդլայնել գործունեությունը, գնալ տեխնոլոգիական կրթություն առաջարկող համալսարաններ և ուսուցողական ծրագրերն իրականացնել տեղում՝ ընդգրկելով առավել մեծ թվով ուսանողների, դասախոսների և գիտնականների՝ այդպիսով բարձրացնելով աշխատաշուկա-բուհ համագործակցության արդյունավետությունը: Բուհական համակարգում տեխնոլոգիական ընկերությունների գործընկերները կարող են դառնալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական, Հայաստանում ամերիկյան, Ռուս-հայկական (Սլավոնական) և այլ համալսարաններ: Ընկերության ղեկավար անձնակազմի հետ զրույցում նախարարը առանձին անդրադարձ կատարեց նաև հայաստանյան ընդհանուր տեխնոլոգիական էկոհամակարգին, թվային օրակարգին, նորաստեղծ ընկերություններին և ստարտափերին ցուցաբերվող աջակցությանը: Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցեր կազմակերպելու դեպի Սիլիկոնյան հովիտ: Նախարարը նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել «Վինեթիի» նման ընկերություններին՝ մշակելու մեխանիզմներ, որոնց օգնությամբ աշխարհին կներկայացվի հայաստանյան տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև տեղական ընկերությունների մշակած պրոդուկտը կներկայացվի արտասահմանյան երկրներում և կարտահանվի: Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին նաև այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատելու կամ ներդրումներ անելու նպատակով Հայաստան եկող արտասահմանցի մասնագետները: Դրանք հիմնականում կապված են ինչպես աշխատանքային թույլտվությունների, այնպես էլ քաղաքացիություն ստանալու կարգի, հարկային դաշտի հետ: Հակոբ Արշակյանը նշեց, որ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նշված բոլոր ընթացակարգերը պարզեցնելու և առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան գործարարների, ներդրողների կամ անհատ մասնագետների համար Հայաստանում գործունեություն ծավալելու խոչընդոտներ չլինեն: Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ թեև նախարարությունն այժմ վերակազմավորման գործընթացում է, սակայն պատրաստակամ է աջակցել համագործակցության, նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը: «Վինեթին» թվային տեխնոլոգիաների ընկերություն է, որն օգնում է դեղագործական ընկերություններին անհատականացված բուժում առաջարկել ու հիվանդներին։ Ընկերության տրամադրած ծրագրային նոր լուծումների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կազմակերպել անհատականացված դեղերի արտադրությունը, դեղերի՝ հիվանդին հասնելու փուլերն ու եկամտի ստացումը։ Հայաստանյան թիմում կան ինժեներական կազմի անդամներ, որակի ստուգման մասնագետներ, արտադրանքի մենեջերներ, դիզայներներ, հաճախորդների աջակցման մասնագետներ։

Նմանատիպ նյութեր