211652_close_icon
views-count1575 դիտում article-date 13:08 20-04-2019

Առաջնային իմունային անբավարարության իրազեկման շաբաթ Հայաստանում. առաջատար մասնագետները դասախոսություններ կկարդան

Հայաստանում անցկացվում է առաջնային իմունային անբավարարության իրազեկման շաբաթ, որի շրջանակում տեղի մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու միջազգային փորձին, միտումներին, հիվանդության հետ կապված իրենց հետաքրքրող հարցերին: Կազմակերպողներն են` Արաբկիր բժշկական համալիր-ԵԴԱԻ- ին, «Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիա»-ն։ Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/972052.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց ալերգոլոգ, իմունոլոգ Սևան Իրիցյանը, կարիք կա ավելի ինտենսիվ արձագանքելու առաջնային իմունային անբավարարության խնդրին, բժշկական շրջանակի, հասարակության ուշադրությունը հրավիրելու դրա վրա, որն ամբողջ աշխարհում նոր է ուսումնասիրվում: «Նույնիսկ զարգացած երկրներում վերջին տասնամյակներում են այդ խնդրին ուշադրություն դարձրել: Շատերը կարծել են, որ դրանք խիստ հազվադեպ համարվող հիվանդություններ են, սակայն աշխարհի մի շարք երկրներում ինտենսիվ աշխատանքը թույլ տվեց հայտնաբերել ավելի մեծ թվով հիվանդների: Եթե տարիներ առաջ 100 հազարից մեկի մոտ էր խնդիրը հայտնաբերվում, ապա համապատասխան ուսումնասիրություններից հետո, պատկերը փոխվեց: Արդեն 100 հազարից 16-ի մոտ է այն հայտնաբերվում: Ահա այդ արդյունքներն էլ առիթ դարձան, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի առաջնային իմունային անբավարարության խնդրին»,-ասաց Սևան Իրիցյանը: Նա նկատեց, որ հասարակությունը լավ տեղեկացված է ուռուցքային հիվանդություններից, սրտի անբավարարությունից: Այնինչ՝ առաջնային իմունային անբավարարության խնդրի մասին իրազեկվածությունը շատ ցածր է, այդ տեսանկյունից նույնիսկ անելիք կա բժիշկների շրջանում: «Լսելով առաջնային իմունային անբավարարություն, շատերը պատկերացնում են, վատ իմունիտետ, սակայն խնդիրը շատ ավելի խորն է: Այն իմունային համակարգի որևէ օղակի խանգարումն է, որը կարող է հագեցնել մի շարք խնդիրների, այդ թվում կյանքի հետ անհամատեղելի վիճակների: Արդեն 400-ից ավելի հիվանդություններ կան, որոնք կապվում են առաջնային իմունային անբավարարության հետ, ու երևի շատերը կզարմանան, որ իմանան երևանյան հիվանդությունը ևս դրանց թվում է»,-ասաց նա: Առաջնային իմունային անբավարարության իրազեկման շաբաթի շրջանակում Հայաստանում մասնագետների համար դասախոսություն կկարդա Թեհրանի բժշկական համալսարանի կլինիկական իմունոլոգիայի պրոֆեսոր, Իրանի իմունային անբավարարության գիտահետազոտական կենտրոնի նախագահ Նիմա Ռեզաեն: Նա առաջին անգամ չէ Հայաստանում: Նախորդ տարի արդեն հնարավորություն ունեցել է դասախոսություն կարդալու տեղի մասնագետների համար: « Մի քանի օր այստեղ եմ հայաստանյան մասնագետներին ներկայացնելու առաջնային իմունային անբավարարության հետ կապված միջազգային միտումները, ախտորոշման, բուժման փորձը: Ընդհանրապես ներկայացնելու, թե ինչ է այն իրենից ենթադրում, ինչ ախտանիշներ ունի, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Դասախոսության շեշտը դրվելու է հիվանդությունների կլինիկական դրսևորման վրա»,-ասաց պրոֆեսորը: Նա կարևորեց այս հարցում, թե բժիշկների, թե հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը, որովհետև միայն այդ դեպքում թիրախային աշխատանք կտարվի: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/972052.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր