211652_close_icon
views-count859 դիտում article-date 19:30 19-04-2019

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 5-ի տրանսպորտին և էներգետիկային վերաբերող հատվածների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Կառավարության կողմից քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։ Նիստին ներկա էին քաղաքացիական հասարակության ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ։ Քննարկումը ծավալվեց ՀԸԳՀ մաս 5-ի («Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականությունները») «Տրանսպորտ» և «Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը» գլուխների շուրջ, որոնց դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը, այդ թվում՝ օրենսդրական մոտարկման ծրագրերը, ներկայացվեցին կառավարության՝ համապատասխան ոլորտները համակարգող անդամների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնեցին իրենց հուզող հարցադրումները։ Նիստի ավարտին վերահաստատվեց երկու կողմերի՝ նման ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր