211652_close_icon
views-count4432 դիտում article-date 15:58 19-04-2019

Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները: Վերջիններս ներկայացրել են ինչպես իրենց տարեկան աշխատանքային պլանը, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարության տեսլականը: Տիկին Ռադոչան կարևորել է երեխաների, մասնավորապես նորածինների բուժօգնության մատչելիության ու որակի հարցերը` հատուկ շեշտադրելով պատրոնաժ խնամքի և տնային այցերի կազմակերպման բարելավման և իրենց պատրաստակամությունն այս ծրագրերին աջակցելու հնարավորությունները: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ տնային այցերի հետ կապված կագավորումներ նախարարության կողմից առկա են, սակայն կատարողականի և գնահատման ոլորտում անհրաժեշտ են նոր զարգացումներ: Ինչ վերաբերում է երեխաների առողջության մարտահրավերներին` նախարարը նշել է. «Ներկայումս ընթացքի մեջ են 2020 թվականի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ և կախված ֆինանսական հնարավորություններից դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։ Ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա»: Երկուստեք կարևորվել են միջգերատեսչական համագործակցության բարձրացումը, մասնավորապես երկու ծրագրերի շուրջ` տնային համատեղ այցեր սոցիալական աշխատողի հետ և ծննդատներում երեխաներից հրաժարման դեպքերի նվազեցմանն ուղղված քայլերը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է իրականացնել բազմագործոն հետազոտություն, որոնց հարցերի շրջանակը կներառի երեխաների սնուցման, աճի և զարգացման, ինչպես նաև առողջապահական այլ հարցեր: Քննարկվել են նաև հարցեր կապված տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակի բարձրացման, երեխաների թերսնուցման, առողջության առաջնային պահպանման ծառայությունների խորհրդատվական համակարգի բարելավման, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սնունդի ու առողջ ապրելակերպի խթանման, պատվաստումների ընդգրկվածության բարձրացման վերաբերյալ: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ ուրվագծված ծրագրերն արդյունավետ կիրականացվեն:

Նմանատիպ նյութեր