211652_close_icon
views-count4881 դիտում article-date 15:08 19-04-2019

Դատարանը հրազեն կիրառած մեղադրյալին ազատեց՝ հաշվի առնելով պատգամավորի հետ քավոր–սանիկական հարաբերություննե՞րը. news.am

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին բավարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի ու Սողոմոն Սողոմոնյանի դիմումները և նրանց անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց 2016 թվականի դեկտեմբերի 2-ին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության անվտանգության աշխատակիցներին սպանելու փորձի, ապօրինի կերպով հրազեն պահելու, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Վահագն Մանուկյանին, հայտնում է [url=https://news.am/arm/news/508033.html?fbclid=IwAR3T0sE0FEK5YAhnch4DnzgPJYqSDz_E1eHuGNnOxPw44GaL4zn9M98jlxw]News.am[/url]-ը։ Ըստ մեղադրանքի՝ Մանուկյանը, նախնական համաձայնության գալով Արմեն Գրիգորյանի և գործով չպարզաբանված այլ անձանց հետ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքից զգալի չափի ոսկի պարունակող հանքանյութ գաղտնի հափշտակելու նպատակով մուտք են գործել նշված հանքի տարածք, սակայն հանքի անվտանգության աշխատակիցների կողմից խոչնդոտվել են, որի ընթացքում Վ. Մանուկյանը իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգով կրակահերթ և մենահատ կրակոցներ է արձակել աշխատակիցների ուղղությամբ: Այսպիսով, Մանուկյանը մեղադրվում է սպանության փորձի, գողության փորձի եւ ապօրինի զենք զինամթերք կրելու մեջ: Միջնորդության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ չի ցանկանում խորանալ մեղադրանքի մեջ, պարզապես նամակ է ստացել Մանուկյանի ընտանիքից եւ որոշել նման միջնորդություն ներկայացնել: «Մեղադրանքը դեռ ապացուցված չէ, եւ ես չեմ ուզում խորանալ մեղադրանքի էության մեջ: Ես ընդամենը երաշխավորում եմ, որ Վահագն Մանուկյանը պատշաճ վարքագիծ կդրսեւորի՝ գտնվելով ազատության մեջ»,- ասաց պատգամավորը: Տուժողի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, թե ինչ գործունեություն է ծավալում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, Հայաստանի հարկատուների ցուցակում հինգերորդն է, ապա հարց ուղղեց. «Արդյոք երաշխավորողը պնդո՞ւմ է իր միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ գործ ունենք մի հանցագործության հետ, որն ուղղված է ներդրողի շահերի դեմ, ՀՀ-ի 5-րդ հարկատուն համարվող ընկերության դեմ»: Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ տեղյակ է, ավելին՝ լավ հարաբերություններ ունի այդ ընկերության հետ, սակայն որպես մայր՝ իր համար ազդեցիկ է եղել ամբաստանյալի երեխաների նամակը: Նշենք, որ մյուս երաշխավորողը՝ ԲՀԿ-ական Սողոմոն Սողոմոնյանը, ուշացած ժամանեց դատարան: Նա գրությունը նախապես չէր ուղարկել, այլ իր հետ դատարան էր բերել: Երբ դատավոր Վարդան Հարությունյանն ընթերցեց Սողոմոնյանի գրությունը, Երվանդ Վարոսյանը նկատեց՝ բառացիորեն նախորդի կրկնությունն է: Դատարանում ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ անձամբ է ճանաչում ամբաստանյալի ընտանիքին, ունեն քավոր-սանիկական հարաբերություններ: «Վահագն Մանուկյանի կինն իմ ընկերոջ աղջիկն է, բոլորը գոհ են իրենից, որեւէ վատ բան չեն տեսել իրենից, ես երաշխավորում եմ իր համար, որ պատշաճ վարքագիծ է դրսեւորելու»,- ասաց պատգամավորը: Դատավոր Վարդան Հարությունյանը, պատգամավորին լսելով, հայտարարեց, թե հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, և միայն Երվանդ Վարոսյանի միջամտությունից հետո «հիշեց», որ միջնորդությունը դեռ չի քննարկվել, ու կողմերը կարծիք չեն հայտնել։ Մեղադրող Վարդան Լազարյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ մտավախություն կա՝ կալանքի հիմք հանդիսացած ռիսկերը չեզոքացված չեն: Երվանդ Վարոսյանը նույնպես առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ սա արհեստական գործընթաց է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/508033.html?fbclid=IwAR3T0sE0FEK5YAhnch4DnzgPJYqSDz_E1eHuGNnOxPw44GaL4zn9M98jlxw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր