211652_close_icon
views-count1930 դիտում article-date 13:13 19-04-2019

Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևորում է, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը բերվի օրակարգ: «[url=https://armenpress.am/arm/news/971934.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում: «Այն ժամանակ էլ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության այդ առաջարկը մեզ համար եղել է քննարկելի: Եվ մենք ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ առնվազն մի քանի անգամ ունեցել ենք լուրջ քննարկումներ: Համազգային հարցերի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի, նախևառաջ Դաշնակցության հետ, ում համար Արցախի հարցը և Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հարցը գերակա խնդիր է: Իհարկե, սա այն հարցն է, որը միշտ պետք է լինի մեր օրակարգում, սակայն այն հարցը չէ, որի հրապարակային դետալներից պետք է խոսենք: Սա այն հարցն է, որ պետք է լինի օրակարգում, և որին պետք է ուշադրություն դարձնի նոր իշխանությունը»,-ասաց Շարմազանովը: Սակայն նա վստահ չէ, որ ներկայիս իշխանությունը հարցը խորն ուսումնասիրության կենթարկի: Շարմազանովը շեշտեց՝ չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում: Ավելի վաղ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է համարվել:

Նմանատիպ նյութեր