211652_close_icon
views-count897 դիտում article-date 14:24 18-04-2019

ՔԿՀ-ները բեռնաթափվել են․ վարչապետը նպատակահարմար չի համարում հաստիքների ավելացումը

Կառավարությունն այսօրվա նիստում 1 շաբաթով հետաձգեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու մասին որոշման նախագիծը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշեց, որ այդ անձինք կընդգրկվեն քաղաքացիական հիվանդանոցներում իրականացվող ծառայություններում: Դրանով, ըստ Զեյնալյանի, կբացառվի արգելված իրերի փոխանցման և փախուստի հնարավորությունները հիվանդանոցներից: Նրա խոսքով, յուրաքանչյուր կալանավորի կամ դատապարտյալի քաղաքացիական հիվանդանոցում պետք է հսկի երկու ծառայող, որոնք պետք է ծառայություն իրականացնեն 2 օր հանգստից հետո: «Սակայն քանակը քիչ է և շատ հաճախ ծառայությունն իրականացնում են մեկ օր ընդմիջմամբ: Այս պահին քաղաքացիական բուժհաստատություններում 11 անձ է բուժվում, այսինքն՝ անհրաժեշտ է 66 ծառայող, սակայն այդքան ծառայող այս պահին չկա: Ուստի առաջարկում ենք թվաքանակն ավելացնել»,- ասաց նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, եթե այդ ծառայությունում կա մի քանի հարյուր թափուր հաստիք, ինչո՞ւ այդ հաստիքներից 30-ը չեն վերցնում տեղափոխում այն ծառայություն, որտեղ դրա կարիքը կա, այլ լրացուցիչ 30 հաստիք են ավելացնում: «Նույն աշխատավարձն է, նույն աշխատանքն է, նույն համազգեստն է, բայց վայրն է տարբեր: Այսինքն՝ ունենք մի քանի հարյուր թափուր հաստիք, ավելացնում ենք եւս 30-ը, տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ հաստիքներ ավելացնելը տրամաբանական չէ նաև այն տեսանկյունից, որ վերջին շրջանում ՔԿՀ-ները բավականաչափ բեռնաթափվել են: Արտակ Զեյնալյանն առաջարկեց մեկ շաբաթով հարցը հետաձգել, որպեսզի իրենք ավելի հիմնավոր փաստարկներ ներկայացնեն:

Նմանատիպ նյութեր