2542 դիտում
19:25 16-04-2019
Փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերով յուրացումներ ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ:
ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից համապատասխան գրությամբ ստացված տեղեկությունները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Գետիկ», այնուհետև «Լոռի» Ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարել Լոռու մարզի վարչական տարածքում գտնվող թվով 35, այդ թվում նաև Լոռու մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներին։ Գործունեության ընթացքում ընկերության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, 2010-2018թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի համապատասխան աշխատանքային պայմանագրեր ձևակերպելով, Լեռնավանի տեղամասի ավագ ջրբաշխի պաշտոնում աշխատանքի են ընդունել մի քաղաքացու: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականություններն անձամբ չի կատարել, նրա անվամբ անհիմն ելքագրել են ընդհանուր խոշոր չափերի՝ 1․365․781 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Ապա նախապես իրենց մոտ ունեցած աշխատավարձի բանկային քարտերով նրանք անձամբ կանխիկացրել և ստացել են այդ գումարները՝ դրանք օգտագործվելով իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով գումարներ։
Պարզվել է նաև, որ վերոնշյալ կազմակերպության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, իրենց կողմից այդ անձի անվամբ ելքագրված աշխատավարձի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնցում ներառել են այդ անձի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, ինչպես նաև վերջինիս աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ և բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացրել ընկերության կառավարման մարմիններին։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]