Հարգելի վարչապետ, Դուք կարող եք կանաչ զանգվածն ու երեխաների խաղահրապարակը փրկել ոչնչացումից. եղեգնաձորցիների հույսը Նիկոլ Փաշինյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 15 բազմաբնակարան շենքի բնակիչները դիմում-խնդրանք են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հույս ունենալով, որ միայն վարչապետի միջամտության արդյունքում հնարավոր կլինի կանխել Եղեգնաձոր քաղաքում կանաչ գոտու ոչնչացումը:
Բնակիչները, մասնավորապես, գրել են. «Ձեզ ենք դիմում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 15 բազմաբնակարան շենքի բնակիչների անունից, հուսալով, որ դուք կլուծեք տասնյակ տարիներ շարունակվող բնակիչների խնդիրը, որը կապված է բազմաբնակարան շենքին հարակից կանաչ գոտու և երեխաների խաղահրապարակի ոչնչացման հետ, որոնք կատարում են մի խումբ անձինք»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Շենքը շահագործման է հանձնվել 1979 թվականին և գտնվում է գլխավոր փողոցի վրա: Նախագծման ընթացքում շենքին կից նախատեսված է եղել հանգստի գոտի և մինչև 2005թ. այն ծառայել է այդ նպատակին: 2005 թ.-ին Եղեգնաձորի նախկին քաղաքապետը, օգտվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածից, համայնքի ղեկավարին տրված լիազորություններից, խախտելով ՀՀ կառավարության 2005 թ.- դեկտեմբերի 29-ի թիվ 2004 որոշումը, առանց հաշվի առնելու բնակիչների կարծիքը, շինարարական աշխատանքների համար կատարել է հողահատկացումներ և այդ մասին մենք՝ բնակիչներս, իմացել ենք 2006 թ.-ին:
Պայքարը շենքի բնակիչների կողմից շարունակվել է մինչև 2010 թ.-ը: Միայն Վայոց Ձորի մարզպետի միջամտության արդյունում կասեցվել են շինարարական աշխատանքերը, սակայն դրան իրավաբանական ձևակերպում չի տրվել: Այս տարվա սկզբին համայնքի ղեկավարին դիմում է ներկայացրել քաղաքի բնակիչներից մեկը շինարարական աշխատանքները վերսկսելու համար, սակայն քաղաքապետը այս քաղաքացուց պահանջել է շենքի բնակիչների համաձայնությունը՝ հարցին ընթացք տալու համար: Դիմողը որոշ ժամանակ անց քաղաքապետին տեղեկացնում է, որ բնակիչները չեն առարկում և վկայակոչում է մի քանի անձանց, ինչից հետո այս տարվա փետրվարի 4-ին համայնքի ղեկավարը համաձայնություն է տալիս շինարարական աշխատանքները վերսկսելու համար:
Այդ մասին իմանալով, բնակիչներս ընդվզում ենք և մեր բողոքների հիման վրա քաղաքապետը, հաշվի առնելով թույլ տված սխալը, իր կողմից համար 21 որոշմամբ չեղյալ է հայտարարում շինարարական աշխատանքների թույտվությունը:
Սակայն շինարարական աշխատանքերը շարունակվում են, անտեսելով համայնքի ղեկավարի որոշումը: Մենք՝ բնակիչներս, բազմաթիվ տեղեր ենք դիմել, տեղական իշխանությունները անհաղորդ են բնակիչներիս բողոքներին:
Հարգելի վարչապետ, մենք՝ բնակիչներս, խնդրում են Ձեր միջամտութունը և դուք կարող եք խաղահրապարակն ու կանաչ զանգվածը փրկել, որպեսզի այս հատվածը չբետոնապատվի»:
Բնակիչներն ասում էին նաև. «Մենք չենք ուզում դիմել ծայրահեղ քայլերի, փողոց ու մայրուղի փակելով, որովհետև վստահ ենք, վարչապետը, ով ակտիվ մասնակցում է շաբաթօրյակներին ու ծառատունկներին, չի թողնի, որպեսզի կանաչ զանգվածը ինչ-որ մարդկանց ագահության շնորհիվ ոչնչացվի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի