211652_close_icon
views-count1428 դիտում article-date 09:48 13-04-2019

Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները խորացնելու հարաբերությունները ԵՄ հետ. «Ամերիկայի ձայն»

Ատլանտկան խորհուրդում օրերս տեղի ունեցավ համաժողով նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4873894.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԵՄ և գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը։ «Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով»,- Վաշինգտոնում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Ատլանտյան խորհուրդի կազմակերպած՝ Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին նվիրված համաժողովին: Հանձնակատար Հանն ընդգծեց Եվրամիության պատրաստակամությունը շարունակել աջակցել Արևելյան գործընկերություն անդամ երկրներին՝ վերջիններիս կայունությանն ու զարգացմանը հասնելու նպատակով: «Խոսքը գնում է Եվրոպայի շուրջ բարեկեցության գոտի ձևավորելու մասին»,- նշել է հանձնակատարը: Համաժողովն իր շուրջն էր համախմբել Արևելյան գործընկերության երկրների ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներին: Քննարկումների հիմքում էր եվրոպական արժեքների ինտեգրացումը, տնտեսական զարգացումն ու Արևելյան գործընկերության դերը: «Եվրոպական ինտեգրացումը տեղի է ունենում բազմաթիվ նորմերի ու չափանիշների ընդունմամբ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, ուստի լավագույն ճանապարհը հետևողական և մշտական աշխատանքն է, որը կմոտեցնի տնտեսությունն ու հանրությանը Եվրոպային»,- ասում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Վերջինս գոհունակություն հայտնեց այսօր Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների զարգացման ընթացքից՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանը հրաժարվել է DCFTA առևտրային համաձայնագրի ստորագրումից կողմերին հաջողվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հասնել ընդհանուր հայտարարի ու կնքել պայմանագիր: Նա Եվրամիության աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին ու գործող իշխանությանը՝ ընդգծելով Եվրոպայի պատրաստակամությունը օժանդակելու հետագա բարեփոխումների ընթացքին: Վերլուծաբան Ջոնաթան Կացը վստահ է, որ Հայաստանի եվրոինտեգրումը հնարավոր է: «Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները խորացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ: Չնայած պայմանագիրը Ասոցիացման համաձայնագիր չէ, սակայն Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը որպես գործընկեր, իսկ Հայաստանը Եվրամիությանը՝ որպես քաղաքական և տնտեսական ուղեգիծ»,- հայտնել է Կացը: Նա ընդգծեց Հայաստանի գործող իշխանությունների պատրաստակամությունը թիրախավորելու այն խնդիրները, որոնք նախկինում անտեսված էին: Արևելյան գործընկերության շրջանակում և դրանից դուրս Հայաստանի գործող իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու վճռականության մասին խոսեց նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով անդրադարձավ նաև Հայաստանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: «Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ բացեց մեր երկրի պատմության մեջ և հանգեցրեց նոր իրականության»,- նշել է դեսպան Ներսիսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը դիտարկում է որպես առաջնահերթություն: Ըստ դեսպանի՝ այսօր Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման և հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը:

Նմանատիպ նյութեր