211652_close_icon
views-count3065 դիտում article-date 19:11 12-04-2019

Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում ԱՀ ոստիկանապետի մասնակցությամբ

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանապետ Իգոր Գրիգորյանի առաջարկությամբ հրավիրել է ընդլայնված կազմով քննարկում՝ ոստիկանության համակարգում կատարվող բարեփոխումները ներկայացնելու և հասարակության շրջանում ոլորտին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով: Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը նշել է, որ ներկայիս հանդիպումը կազմակերպվել է նախորդ քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, խոսելով 2018թ. համակարգի գործունեության մասին և անդրադառնալով հանցագործությունների ցուցանիշներին, հավելել է. «2017թ. դրանց թիվը կազմել է 766, 2018-ին՝ 739, այդպիսով նվազելով 27-ով: Բացահայտումները կազմել են 97,8%: 2019թ-ի արդյունքներով չբացահայտված հանցագործություն չկա»: Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ոստիկանապետը առանձնացրել է շրջաններում անձնագրային ծառայության բարելավմանն ուղղված աշխատանքները՝ վստահեցնելով, որ երկու ամսվա ընթացքում այդ ծառայությունը ամբողջությամբ հասանելի կլինի հանրապետության բոլոր շրջաններում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պատգամավոր Հայկ Խանումյանի՝ մի քանի օր առաջ ոստիկանական համակարգին ուղղված մեղադրանքներին: Մանրամասնելով իր հայտարարությունը՝ պատգամավորը նշել է, որ այն արվել է ձեռքի տակ ունենալով որոշ տվյալներ և բողոքներ: Հայկ Խանումյանը, ողջունելով ոստիկանական համակարգում վերջին ամիսներին կատարվող բարեփոխումները, առաջարկել է օգտագործել խորհրդարանական վերահսկողության միջոցները՝ առկա խնդիրները լուծելու նպատակով: Ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել շուրջօրյա ռեժիմում աշխատել պատգամավորների հետ՝ ունեցած տեղեկությունները ճշտելու և համապատասխան լուծումներ տալու համար: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր