211652_close_icon
views-count2837 դիտում article-date 11:43 12-04-2019

Մարաղայում տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին. ՀՀ- ում Արցախի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին: Այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մարաղայում կոտորածի 27-րդ տարելիցին նվիրված լսումների ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Աշոտ Մելյանը: Աշոտ Մելյանն իր խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ Մարաղայում կոտորած իրականացրած ադրբեջանական բանակի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբօղլի Թաղիևը ստացել է Ադրբեջանի հերոսի կոչում: «Սա վկայում է Ադրբեջանի ղեկավարության կողմից ոչ միայն խրախուսվող, այլ նաև կանխամտածված հայաջինջ քաղաքականության մասին»,- նշեց Ա. Մելյանը: Նա ընդգծեց, որ Բուդապեշտում քնած հայ սպայի դաժան սպանությունն ու հանցագործի հերոսացումը, Ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացրած վայրագությունները դրա տրամաբանական շարունակությունը եղան: Մելյանի խոսքերով՝ չպետք է մոռանալ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյաց քարոզչությունը սեփական բնակչության շրջանում, զինում են իրենց բանակը և չեն հրաժարվում հարցի լուծման ուժային տարբերակից: «Այսպիսի պայմաններում մենք պետք է զգոնություն պահպանենք, պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում հակահարված տալ, որպեսզի կանխենք հետագայում նման ոճրագործությունները»,- ասաց Մելյանը: Նա ընդգծեց նաև, որ Արցախի Հանրապետության իշխանությունները նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի մակարդակով քանիցս քաղաքական գնահատական են հնչեցրել Մարաղայում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ: «Իշխանությունների և Հայաստանի Համահայկական հիմնադրամի ջանքերով այժմ հետզհետե բարեկարգվում է Նոր Մարաղա գյուղը, որտեղ 1995թ.-ից ապաստան են գտել Մարաղայի կոտորածից փրկված բնակչության մի մասը»,- հավելեց Ա. Մելյանը: 1992թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ և այն ավիրեցին ու հրկիզեցին: Դաժանությամբ աննախադեպ ռազմական հանցագործության արդյունքում գյուղում մնացած 118 մարդուց՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, սպանվեց ավելի քան 50 խաղաղ բնակիչ, գերեվարվեց՝ 49-ը, այդ թվում՝ 9 երեխա և 19 կին, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Նմանատիպ նյութեր