211652_close_icon
views-count2298 դիտում article-date 11:05 12-04-2019

Հաշտվելու համար պետք է ասել ամբողջ ճշմարտությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու: Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը և, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին: Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձևով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի և քաղաքական սերտաճմանը և այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-ականների առաջին կեսում են: Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն և վերջնականապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու և ներելու համար: Առավելագույնը, որը կարող է արվել «պատիժների» ուղղությամբ՝ ցմահ արգելել այս կամ այն նախկինում իշխող կուսակցության բարձրագույն մարմնի անդամներին զբաղեցնել բարձր պետական պաշտոններ: Բայց այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորապես կեսը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, և եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա և երես կթեքի իշխանությունից: Շատ ավելի հեշտ է «անցումային արդարադատական» և «լյուստրացիոն» գործընթացներում կենտրոնանալ միայն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա, որոնց հանդեպ հասարակական ատելությունն առայժմ թարմ է: Բայց դա արդարության վերականգնում չի լինի, որովհետև ընտրովի արդարադատություն (թեկուզև «անցումային») չի լինում, և նման «կիսաքայլերը» եթե ոչ հիմա, ապա հետագայում թերահավատություն են առաջացնելու: Դա նման կլինի մի քանի սրճարան քանդելուն և մնացածը թողնելուն: Օրերս անցնում էի Օպերայի ապամոնտաժած սրճարանների մոտով և այսպիսի խոսակցություն լսեցի՝ «էս երեք սրճարաննե՞րն էին խանգարում, չքանդվածներն էլ, երևի, իրենց մարդկանց են պատկանում, հիմա լավ փող կաշխատեն, շատ «շուստրի» է մեր կառավարությունը»: Ենթադրում եմ, որ այդ կասկածներն անհիմն են, բայց եթե չկա ամբողջական, բծախնդրորեն սկզբունքային մոտեցում, նման կասկածներ միշտ էլ առաջանալու են: Ճիշտ նույն ձևով արդարությունը և համերաշխությունը վերականգնելու համար պետք է ասվի ողջ ճշմարտությունը: Կիսաճշմարտությունը չի օգնի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր