211652_close_icon
views-count3387 դիտում article-date 22:28 11-04-2019

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին

Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական The Swingles լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը: Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին Սվինգլները էստրադային երգիչները` աշխատել են Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: Սվինգլների նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ: Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է Սվինգլ-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին: Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր <<Լոնդոնյան ակապելլա>> փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։ «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Երևանյան Հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է Իմ քայլը հիմնադրամի աջակցությամբ: Երևանյան Հեռանկարները նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծել նախկինում նմանը չունեցող միջավայր:

Նմանատիպ նյութեր