211652_close_icon
views-count1431 դիտում article-date 16:23 11-04-2019

ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում

Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված փոփոխություններ ու լրացումներ է կատարել գնումների գործընթացի կազմակերպման կարգում: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 04.05.17թ. որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից, եթե նախատեսված են գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով: Սակայն այդ նորմը հաճախ առաջացնում է խնդիրներ, քանի որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մարդատար ավտոմեքենաների գնման պայմանագրերով նման դրույթ չի նախատեսվել, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունները տարիներ շարունակ ձեռք է բերում մրցակցային ընթացակարգերով: Արդյունքում հաղթող են ճանաչվում ոչ այդ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների՝ ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, նկատի ունենալով, որ այդ ծառաությունները մատուցող ընկերություններն ըստ էության մասնագիտացված չեն այս կամ այն ֆիրմայի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման գործում կամ չունեն մասնագիտացված բարձրակարգ մասնագետներ, հաճախ վերջիններիս կողմից վերանորոգված ավտոմեքենաները կարիք է լինում կրկին վերանորոգելու, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակի կորուստ: Այսինքն՝ մրցակցային ձևով այդ ծառայությունների ձեռքբերման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի շատ կրում է ինչպես ֆինանսական վնասներ, այնպես էլ ժամանակի անհարկի կորուստ: Նշված խնդրի լուծման համար առաջարկվում է սահմանել, որ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը կարող է իրականացվել գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից՝ անկախ այդ հանգամանքը գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով ի սկզբանե նախատեսված կամ չնախատեսված լինելու պարագայից: Գործող կարգի համաձայն՝ հրատապության հիմքով մեկ անձից կարող է գնում կատարվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Սակայն այդ դրույթը չի տարածվում ռազմական դրություն հայտարարվելու, զինված ուժերում ուժեղացված ծառայության անցնելու, ինչպես պահուստներում ապրանքների բացակայության դեպքում դրանց հրատապ համալրելու նպատակով գնումների կատարման գործընթացի վրա, ինչը նման իրավիճակներում կարող է խափանել ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացը: Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել, որ հիշյալ իրավիճակներում նույնպես գնումները կատարվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով:

Նմանատիպ նյութեր