211652_close_icon
views-count769 դիտում article-date 19:31 10-04-2019

Լենա Նազարյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության եւ զինված ուժերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա հեղափոխության 30-ամյակը: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը բռնեց փոփոխությունների անցնցում եւ առանց բռնությունների ուղին: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ խորհրդարանի ղեկավարի տեղակալը գոհունակությամբ ընդգծել է այն փաստը, որ 2017 թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նախարար Լյուբոմիր Մետնարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին ուղղված է կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը, այն համամարդկային նշանակություն ունի»,-փաստել է Լենա Նազարյանը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ առաջիկայում այն ամբողջական կվավերացվի Չեխիայի կողմից: Հյուրը հետաքրքրվել է Ազգային ժողովում անցկացված «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով քննարկմամբ: Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել քննարկումից՝ բարձր գնահատելով Չեխիայի ներկայացուցիչների զեկույցները: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել չեխ նախարարի այցը Հայաստան հատկապես երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման համատեքստում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների շրջանակում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր