211652_close_icon
views-count2222 դիտում article-date 13:36 10-04-2019

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր