211652_close_icon
views-count4751 դիտում article-date 21:52 09-04-2019

«Մենք պետք է ունենանք բազմադեմ կրթական համակարգեր». ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան ընտրվեց Ալեքսան Բաղդասարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի օրակարգում այսօր դեկանի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էր Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Մեկ դեմ և 28 կողմ ձայնով նիստը նախագահող ընտրվեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Նա ներկայացրեց օրակարգի միակ հարցը՝ դեկանի ընտրություն, որը գիտական խորհուրդը հաստատեց միաձայն քվեարկությամբ: Ֆակուլտետի գործող դեկան Ալեքսան Բաղդասարյանը ողջունեց գործընկերներին և ներկայացրեց ֆակուլտետի կառավարման և զարգացման իր հայեցակարգը: Շնորհակալություն հայտնելով ամբիոններին իրեն վստահելու և առաջադրելու համար՝ Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ գործընկերների հետ քննարկումների ժամանակ եկել են այն եզրակացության, որ բարեփոխումներն անհրաժեշտ է կատարել տարբեր մեթոդների զուգորդմամբ: Ըստ նրա՝ տպավորությունն այնպիսին է, որ Բոլոնյան համակարգին անցնելուց հետո կրթության բոլոր ձևերը հարմարեցվել են այդ համակարգին, այնինչ ասնագիտությունները տարբեր են, և պետք է յուրաքանչյուրի համար մշակել մոտեցումներ ու չափորոշիչներ, միևնույն ստանդարտացված համակարգը չի կարող լավ աշխատել բոլորի դեպքում: «Մենք պետք է ունենանք բազմադեմ կրթական համակարգեր»,- ասաց Ալեքսան Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընթացիկ խնդիրներին: Դրանց շարքում նա նշեց սոցիալական վիճակը, որը հնարավորություն չի տալիս համալսարանական մտավորականին ժամանակ և ուժ գտնելու ազատ ստեղծագործելու համար, դասախոսներն իրենց ողջ ռեսուրսները ծախսում են իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար: Այս խնդրի հաղթահարմանն ուղղված նա առաջարկեց աշխատավարձերի բարձրացում: Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Ալեքսան Բաղդասարյանը, վերաբերում էր էլեկտրոնային գրականությանը: Մասնագիտությունների առանձնահատկություններից ելնելով՝ ուսանողները պետք է շատ մեծ ծավալի գրականություն կարդան, այնինչ ուղղակի անհնար է այդքան ժամեր համակարգչի առջև անցկացնել: Խնդիրների շարքում էր նաև կոռուպցիայի հարցը, որն, այնուամենայնիվ, վերահսկվում է բազմաթիվ օղակների կողմից: Ուսանողների՝ դասերին հաճախելու հարցը ևս օրակարգային է, քանի որ նրանք հիմնականում համադրում են ուսումնառությունն աշխատանքի հետ, ինչի արդյունքում, բնական է, որ տուժում է առաջինը, քանի որ հմտությունների ու գիտելիքների մեծ մասը ուսանողները ձեռք են բերում հենց լսարանում: Այս իրավիճակի արդյունքում շատ են գիտելիքի ոչ բավարար մակարդակ ունեցող շրջանավարտները: Պետական ավարտական քննությունների վերացումը, ըստ Ալեքսան Բաղդասարյանի, բերեց իր բացասական հետևանքները: Այդ ամփոփիչ քննությունը հնարավորություն էր տալիս ուսանողին ցուցադրելու տարիների ընթացքում ձեռք բերած ոչ միայն տեսական գիտելիքները, այլև մասնագիտական որակները: Նա առաջարկեց վերանայել այդ հարցը՝ կազմելով ավելի հետաքրքիր և արդյունավետ հարցաշարեր: րտագրության արատավոր երևույթը ևս դեկանի թեկնածուի ուշադրության կենտրոնում էր: Նա փաստեց, որ բնական է՝ իրենց մեղավորությունն էլ կա այդ հարցում, քանի որ ստացվում է՝ ստեղծվել է մի մթնոլորտ, որը նպաստում է նման վարքագծի ձևավորմանը: Ելույթի ժամանակ նա նշեց, որ կարիք կա մագիստրոսական ծրագրերի վերանայման: Ֆիզդաստիարակության պարապմունքները ևս խնդրահարույց են, անհրաժեշտ են տարբեր սեկցիաներ, որոնք կհամապատասխանեն նաև առողջական խնդիրներ ունեցող և հաշմանդամություն ունեցող ուսանողների պահանջմունքներին: Նա առաջարկեց լուրջ ուշադրություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող ուսանողների հանդեպ՝ ֆակուլտետում ստեղծելով նրանց օգնելու, խորհրդատվություններ անցկացնելու հարմարավետ պայմաններ ու հարթակներ: Անդրադարձ եղավ նաև օտար լեզուների դասավանդման հարցին: Մագիստրոսական ծրագրերում ներառված օտար լեզուները պետք է դասավանդվեն այնպիսի մակարդակով, որ համապատասխանեն հետագայում ասպիրանտուրա դիմելու համար պահանջվող քննության պայմաններին: Այնուհետև խոսքը ելույթների համար փոխանցվեց ներկաներին: «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանը, անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ դեկանի թեկնածուի հնչեցրած մտքին, նշեց, որ այժմ այդ բառն օգտագործվում է մեխանիկորեն, քանի որ համալսարանում երկարատև տարիների աշխատանքի ընթացքում նա նման երևույթի ականատես չի եղել: Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էմիլիա Աթանեսյանը հետաքրքրվեց մագիստրոսական ծրագրերի փոփոխության հարցով, թե արդյոք ավելացվելու են նոր առարկաներ կամ ծրագրեր: Հարցին ի պատասխան՝ Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ փոփոխություններն անընդհատ են լինում, հիմնականում՝ նորույթների ներմուծման ճանապարհով։ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը խոսեց գնահատման համակարգի վերանայման մասին, քանի որ եթե նախկինում ուսանողները միավոր էին վաստակում՝ դասերին ներկայանալով, ապա այդ փոփոխություններից հետո նրանք դադարել են հաճախել դասերին: Մենուա Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե փիլիսոփայության հետ կապված ինչպիսի միջդիսցիպլինար մագիստրոսական ծրագրեր են հնարավոր: Իսկ հաշվետվողականության վերաբերյալ նա հարցրեց, թե ինչպես է կարգավորվում դրա չափելիությունը: Ալեքսան Բաղդասարյանը հնչեցրեց տարբերակներ, որոնց թվում էր նաև բիզնես էթիկան: Հաշվետվությունները ներկայացվում են պարբերաբար հրավիրվող գիտխորհուրդների ժամանակ, բացի դրանից՝ ուսումնական յուրաքանչյուր ամիս ունի իր ծանրաբեռնվածությունը, և հընթացս այդ ամենը քննարկվում է: Մենուա Սողոմոնյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե ինչպիսին են մասնագիտական որակավորումների նկարագրիչները: Դեկանի թեկնածուն նշեց, որ դրանք կան՝ հաստատված պատկան մարմինների կողմից, և գործատուն հաճախ առաջնահերթություն է տալիս ոչ թե մասնագիտական հատկանիշներին, այլ մարդկային որակներին: Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրները ներհամալսարանական և արտահամալսարանական են։ Նա նշեց նաև, որ պետք է զարգացնել քննադատական մտածողությունը, տրամաբանությունն ուսանողների շրջանում, ինչպես նաև աջակցել դեկանին: Ըստ նրա՝ շատ կարևոր է մասնագետների մասնակցությունը հանրային կյանքին, նրանց դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ: Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանն ընդգծեց, որ ֆակուլտետն առանձնանում է աշխատանքային առողջ մթնոլորտով, բոլորը բաց են առաջարկների և քննարկումների համար: Նա անդրադարձավ ազգային չափորոշիչների և հետազոտական հմտությունների զարգացման խնդիրներին: Ըստ նրա՝ դասախոսները հաճախ ստիպված են լինում իջեցնել պահանջների շեմը` ընդառաջ գնալով ուսանողներին, քանի որ վերջիններս չեն սիրում այդ ուղղությամբ աշխատել: Հրանտ Ավանեսյանը ուշադրություն հրավիրեց ֆակուլտետի գործունեության միջազգայնացման հարցին։ Նա խոսեց նաև միասնականության մասին` նշելով, որ բարիդրացիական են հարաբերությունները, բայց միասնականության խնդիր կա։ Նա ասաց, որ չեն խրախուսվում ուսանողների կամավորական աշխատանքները. «Մեր մասնագիտության, ինչպես նաև սոցիալական մասնագիտությունների համար պարտադիր է կամավորական աշխատանքը»: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Ազիզյանը նշեց, որ կա նաև համագործակցության խնդիր: Նա հույս հայտնեց, որ կստեղծվեն թե՛ամառային դպրոցներ, թե՛ աշխատաժողովներ: Մենուա Սողոմոնյանը նշեց, որ ընդհանուր տեսլականը հետազոտող համալսարան ունենալն է: Այդուհանդերձ, ավարտական աշխատանքի բավարար որակի ապահովումն ուսանողների դեպքում լուրջ խնդիր է։ Խոսելով արտագրությունների մասին՝ նա նշեց, որ պետք է վերանայել հիշել-գրելու մոդելը, որն այժմ իշխում է քննությունների ժամանակ: Բացի դրանից՝ կարիք կա ընդունելության ժամանակ սահմանել այնպիսի չափանիշներ, որ համալսարանը ստիպված չլինի ուսանողներին կրթել 0-ից: Վերանայման են ենթակա նաև օտար լեզուների դասավանդման մոտեցումները. կարիք կա դրանք առավել արդյունավետ դարձնելու: «Փիլիսոփայության ֆակուլտետ ունենալն ազգի հասունության ցուցիչ է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ անցում կատարելով կամավորական աշխատանքների համակարգման հնարավոր ուղիներին: Շնորհակալություն հայտնելով նախկին պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանին կատարած տիտանական աշխատանքի համար՝ նա խոսեց ուսանողների ծանրաբեռնվածության մասին: Ըստ նրա՝ եթե ցանկություն կա խթանելու հետազոտական հմտությունները, ապա պետք է վերանայել ծանրաբեռնվածությունը, ինչը հնարավոր կլինի մոդուլների համակարգի ներդրմամբ։ Նա առաջարկեց դեկանի թեկնածուին մտածել այդ ուղղությամբ: Ելույթներից հետո միաձայն քվեարկությամբ ընտրվեց հաշվիչ հանձնաժողով, որի նախագահն էր Սիլվա Պետրոսյանը, իսկ անդամներն էին Հովհաննես Հովհաննիսյանն ու  Դավիթ Աքելյանը: 31 ներկաներից նիստին ներկա էին 29-ը: Քվեարկությանը մասնակցած 26 հոգին փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն կողմ ձայներով դեկանի պաշտոնում ընտրեցին Ալեքսան Բաղդասարյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր