211652_close_icon
views-count1793 դիտում article-date 13:58 09-04-2019

ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը: Ինչպես հայտնեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով: «Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունը հայ ժողովրդի դեմ իրականացրել է սպանությունների, բռնությունների ու տեղահանման դաժան արշավ: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը խլել է 1.5 միլիոն մարդու կյանք: Ցեղասպանությունն անցյալի մասնիկ չէ, այլ միշտ գոյություն ունեցող սպառնալիք: Ցեղասպանության ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլ ավելի հավանական է դարձնում դրա կրկնությունն այլ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Ադամ Շիֆը՝ կարևորելով Կոնգրեսի կողմից պատմական փաստը ճանաչելու կարևորությունը: Գուս Բիլիրակիսն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր ու համարձակ էջ կդառնա: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն դեմ հանդես գա Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Նմանատիպ նյութեր