211652_close_icon
views-count1225 դիտում article-date 10:40 09-04-2019

Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության նմանությունն ու տարբերությունները․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանը օրերս հյուրընկալել էր Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4867029.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Բանախոսները և մասնակիցները անդրադարձել են այս ողբերգությունների նմանություններին և տարբերությանը Որքանո՞վ են տարբեր կամ նման իրենց բնույթով հրեաների Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը: Այս հարցի շուրջ օրերս քննարկում էր տեղի ունեցել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ցեղասպանագետ, պրոֆեսոր Միրջանա Միորոսինիի մասնակցությամբ: Վերջինս լավատես չէ մարդկության դեմ այս հանցագործության ի սպառ վերացման հնարավորության կապակցությամբ: «Ցավոք, ցեղասպանությունները շարունակում են կրկնվել: Ամեն անգամ մենք ասում ենք «երբե՝ք այլևս», սակայն ականատես ենք լինում նոր ցեղասպանության»,- ասում է պրոֆեսոր Մորոսինին: Միջոցառմանը Ամերիկայի հայ ուսանողների միության ներկայացուցիչներ Ալբերտ Ազնավուրն ու Ջերարդ Խաչատրյանն անդրադարձան Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի որոշ նմանություններին: Երկու հանցագործություններն էլ տեղի են ունեցել պատերազմի օրերին, իսկ, ըստ Ալբերտ Ազնավուրի, երկու սպանդերն էլ իրականացվել են իրենց բնույթով հեղափոխական ռեժիմների կողմից: «Եվ հրեաները և հայերը դիտարկվել են որպես պետության թշնամիներ»,- նշում է Ազնավուրը Երկու դեպքում էլ ցեղասպանություն իրականացնողները օգտագործել են հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են զանգվածային բռնություններ: «Օսմանյան կայսրությունը ստեղծել էր հատուկ ջոկատներ, որոնք հետևել և բացահայտել են ցեղասպանությունից փրկված հայերին, որոնց ահաբեկել կամ սպանել են: Նույնը տեղի է ունեցել Գերմանիայի դեպքում: Նացիստները դրա համար օգտագործում էին SS ստորաբաժանումները»,- ասում է Ազնավուրը: Բանախոսներն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև առկա տարբերություններին, որոնք արձանագրվել են ինչպես իրականացման ժամանակ, այնպես էլ հետագա զարգացումների ընթացքում: Օրինակ, ըստ բանախոսների, եթե նացիստները որոշումները կայացնում էին ելնելով մարդու մոտ հրեական ծագման տոկոսից, ապա Օսմանյան կայսրության դեպքում շատ հայեր ողջ են մնացել՝ ընդունելով իսլամը: Տարբերությունների զգալի մասը սակայն վերաբերվում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման հետագա ընթացքի հետ: Բանախոսներն ընդգծել են, որ եթե Հոլոքոստի դեպքում եղել է միջազգային դատական գործընթաց Նյուրնբերգում, ապա Հայոց ցեղասպանությունն այդպես էլ չի ստացել համապատասխան դատապարտում ինչպես Թուրքիայի, այնպես էլ միջազգային հանրության մեծ մասի կողմից: Պրոֆեսոր Մորոսինիի կարծիքով Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնման հարցում վճռորոշ դեր է խաղացել հայկական Սփյուռքը, քանի որ Հայաստանը որպես պետություն ավելի կաշկանդված է քաղաքական և աշխարհաքաղաքական իրականությամբ: Նա գտնում է, որ այսօր ցեղասպանությունների կանխման գործող միջազգային մեխանիզմները բավարար չեն այս հանցանքը բացառելու համար: Նա առաջարկում է ավելի մեծ ուշադրություն դարձնել պատմության դասերին: «Եթե մենք ավելի մեծ տեղ հատկացնենք պատմությանը և փորձենք պատմության դասերը հասցնել քաղաքական գործիչներին, ապա միգուցե դա կառաջացնի ավելի մեծ ցանկություն՝ ցեղասպանությունները կանխելու և ճիշտ որոշումներ կայացնելու հարցում, որոնք կբխեն ոչ միայն քաղաքական իրողություններից»,- նշում է հայտնում ցեղասպանագետը: Նա գտնում է, որ քաղաքական շահերը ստիպում են պետություններին գործել ի հակառակ եղած փաստերի: Այսօր, ըստ ցեղասպանագետի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ պետությունների թույլտվությամբ, որոնք Թուրքիայի հետ կապված են աշխարհաքաղաքական տարբեր շահերով:

Նմանատիպ նյութեր