211652_close_icon
views-count32997 դիտում article-date 22:28 08-04-2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան է ուղևորվել ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը: Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 Մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ: Բացման խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատուհասած աղետը աննախադեպ էր իր չափերով և ծավալներով՝ շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան: Ֆելիքս Ցոլակյանը ընդգծեց, որ հայկական կողմը աղետից անմիջապես հետո իր ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել տուժածներին: Մարտի 28-ին կայացավ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ: «Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, օգտագործելով Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությունը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընթացին մասնակցած բոլոր կառույցներին և հաջողություն մաղթեց դեպի Իրան ուղևորվող ԱԻՆ աշխատակիցներին: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»: «Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր գոհունակությունը հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով որ Ֆելիքս Ցոլակյանն ունի բավական մեծ փորձ և իր ավանդն է ներդնում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար: Դեսպանը նշեց, որ անցած տարի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության ղեկավարության՝ Հայաստան այցելության ընթացքում նախանշվեցին ակտիվ համագործակցության եզրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկա այցելությունների ժամանակ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել հայկական և իրանական կողմերի՝ համպատասխան նախարարությունների միջև հարաբերությունները»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին: Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Իրանի մեջ գոյություն ունեցող հարաբերությունների վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած արդյունավետ այցն էր: Իր խոսքը դեսպանն եզրափակեց հայերեն «Շնորհակալություն» արտահայտությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր