211652_close_icon
views-count1908 դիտում article-date 22:36 08-04-2019

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ապրիլի 8-ին Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Կնունյանցների 1 շենքի առաջին հարկ, մուտքը՝ Անդրանիկի փողոցից: Այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիության և մատչելիության բարձրացման կարևորությունը: Նոր գրասենյակում ավելի հարմար պայմաններ են ստեղծվել քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքների կազմակերպման համար: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ 2018 թվականից գործում է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարը, որը հասանելի է բոլոր ժամերին: Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»: «Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝ 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները. 2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները» (15-րդ հոդված, 1-ին մաս):

Նմանատիպ նյութեր