211652_close_icon
views-count1815 դիտում article-date 16:45 08-04-2019

Արգավանդի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու հետևանքով համայնքին 60մլն դրամի վնաս է պատճառվել. քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն 2016թ. օգոստոսի 4-ին դիմում է ներկայացրել նշված ժամանակահատվածում Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ին՝ խնդրելով փոխել համայնքում իր ունեցած 0,75 հա չափով վարելահողի հողատարածքի նպատակային նշանակությունը և միաժամանակ տվյալ տարածքին տրամադրել հասցե: Նշված հողամասում Ս.Ս-ն ունեցել է դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցած 2412,35 ք/մ ջերմոցային տնտեսության ու 119,4 ք/մ օժանդակ շինություններ: Համայնքի ղեկավարը, ելնելով մտավախությունից, որ դիմումի մերժման դեպքում ունենալու է խնդիրներ, օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված մուծումներից և տուգանքների վճարումից Ս. Ս.-ին ազատելու նպատակով, ղեկավարվելով համապատասխան օրենքներով և ՀՀ Կառավարության 2002 թվականի մի որոշման՝ տվյալ պահին ուժը կորցրած իրավակարգավորմամբ, 2016թ. օգոստոսի 5-ին կայացրել է որոշում՝ փոխելով համայնքում Ս.Ս.-ին սեփականության իրավունքով պատկանող 0.75 հա չափերով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը և այն դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության: Այդ որոշմամբ նաև Ս.Ս.-ին տրամադրվել է սահմանված կարգով շինարարության թույլտվություն ու հողամասին հատկացվել է հասցե: Դրանից հետո Ս.Ս.-ն որոշումը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ստացել պետական գրանցում: Մինչդեռ նշված պայմաններում ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը կարող էր փոփոխվել միայն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 29.12.2011թ. որոշմամբ սահմանված կարգով: Համաձայն դրանց՝ նախ պետք է կազմվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա և ներկայացվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եվ միայն վերջնիս կողմից ինքնակամ կառույցի զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո համայնքի ղեկավարը սահմանված կարգով կարող էր կատարել ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և ինքնակամ կառույցի օրինականացման ընթացակարգը: Տվյալ դեպքում ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, և ՀՀ կառավարության մի քանի որոշումների պահանջներով, նախ պետք է ապահովվեր հողամասի նպատակային նշանակության փոփոխման կադաստրային արժեքների տարբերությունը՝ մեկ քառակուսի մետրի համար 6512 դրամ, ընդհանուր՝ 48.840.000 դրամ գումարը և ինքնակամ կառույցների օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 4800 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12.152.400 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե մուծելը, որից հետո կարող էր ինքնակամ կառույցն օրինականացնելու համար որոշում կայացնել: Այսինքն Գ.Օ.-ի գործողությունների արդյունքում համայնքային բյուջե չի վճարվել ընդհանուր 60.992.400 ՀՀ դրամ՝ այդ կերպ էական վնաս պատճառվելով Արգավանդ համայնքին և պետության օրինական շահերին: Սույն արարքները կատարելու համար համայնքի ղեկավար Գ. Օ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և այսօրն քրեական գործի հետ ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր