211652_close_icon
views-count2666 դիտում article-date 13:28 08-04-2019

Հայաստանի պատմական քարտեզները ներկայացվեցին Կլայպեդայի քաղաքային գրադարանում

Կլայպեդայի քաղաքային գրադարանում ապրիլի 5-ին հանդիսավորությամբ բացվել է «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը: Այն նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կլայպեդայի հանրային գրադարանը Կլայպեդայի հայ համայնքի աջակցությամբ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էր Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը (Vytautas Grubliauskas), Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ռազբադաուսկասը (Artūras Razbadauskas), հանրային և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը նշեց, որ ցուցահանդեսը մեծ իրադարձություն է քաղաքի մշակութային կյանքում, ինչը հնարավորություն է տալիս քաղաքի բնակիչներին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանը՝ համաշխարհային պատմության համատեքստում: Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ռազբադաուսկասն իր խոսքում ընդգծեց քարտեզների գիտական արժեքն ու կարևորությունը: Գրադարանի տնօրեն Յուոզաս Շիկշնյելիսն (Juozas Šikšnelis) էլ ավելացրեց, որ նմանատիպ ցուցահանդեսները հարստացնում են գրադարանի մշակութային կյանքը և հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես կլինեն նման բարձրակարգ միջոցառումներ: Ցուցահանդեսի բացման խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց գրադարանի տնօրինությանը քարտեզների ցուցադրության գաղափարը ողջունելու համար: Դեսպանը հավելեց, որ պրոֆեսոր Ռուբեն Գալիչյանի՝ աշխարհի տարբեր գրադարաններից 40 տարիների ընթացքում հավաքած քարտեզների հավաքածուն արդեն ցուցադրվել է բալթյան երեք երկրների տարբեր քաղաքների համալսարանական, ազգային և հանրային գրադարաններում, և չնայած դրան, հետաքրքրությունը ցուցահանդեսի նկատմամբ չի նվազում։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 3-ը։

Նմանատիպ նյութեր