211652_close_icon
views-count12536 դիտում article-date 12:36 08-04-2019

Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դ. Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: «Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա հայտարարում է, որ եթե կա որևէ պարտավորություն օրենքի սահմաններում, ինքը պատրաստ է կատարել: «Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց Սարդարյանը: Նրա խոսքով՝ Դավիթ Ղազարյանի դեմ որևէ ցուցմունք չի եղել, միայն փորձագետի մեկ եզրակացություն, ինչի մասին «Սպայկա»-ի տնօրենն ու պաշտպանական խումբը տեղյակ չեն եղել: «Երեք օրվա ընթացքում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում, եզրակացություն է տրվել, որ իրականացվել է հաշվապահական փորձաքննություն ու որոշվել է հարկերի չափը: Այդ կարճ ժամանակահատվածում որոշվել է 7 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու»,- շեշտեց Կարեն Սարդարյանը: Նրա պնդմամբ՝ իրենք նաև միջնորդություն են ներկայացրել, որպեսզի պաշտպանական խմբի մասնակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի: «Դրա արդյունքում գոյացած գումարը մենք պատրաստ ենք վճարել: Դեռևս այդ միջնորդության պատասխանը չենք ստացել»,- եզրափակեց Սարդարյանը: Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 4-ին Դ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Նմանատիպ նյութեր