211652_close_icon
views-count1558 դիտում article-date 10:52 08-04-2019

Դեղերի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են դեղերի 2-4 անգամ բարձր գների. Հ. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է կառավարության գործունեությանը՝ նշելով, որ կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր։ «Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։ Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձևակերպված չեն։ Այսպես, օրինակ, կարևորագույն ստարտափ է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դերակատարման ճշգրտումը։ 2016-ի մայիսի 17-ի դեղերի մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ ենթակետով ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղ պետք է գրանցվի։ Մինչև հիմա ՀՀ ինչպես նախկին, այնպես ներկայիս կառավարությունները չեն բացատրել, թե ի՞նչ կարիք կա գրանցելու ասենք ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։ Ըստ իս, դրանք պետք է ավտոմատ գրանցվեն և դա կարող էր անել, ասենք, առողջապահության նախարարի քարտուղարուհին։ Գրանցել պետք է միայն հայկական ծագման դեղերը, և այն ոչ հայկական դեղերը, որոնք իրենց երկրում գրանցված չեն, կամ էլ վստահելի չեն։ Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի և Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության։ Այսպես, Յանումետ դեղամիջոցը Երևանում արժե 52 դոլար, իսկ Կիևում՝ 33 դոլար, Լանդուս գրիչը՝ համապատասխանաբար 21 և 8.5 դոլար, Ամարիլ դեղատեսակը՝ 8.5 դոլար և 4 դոլար, ճնշում չափող կիսաավտոմատ սարքը՝ 56 դոլար և 16 դոլար։ Այ սա հիանալի մակրոտնտեսական ստարտափ է և կարելի է լուծել 6 ամսում»,-ասված է Հ. Բագրատյանի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր