2141 դիտում
14:05 07-04-2019
ԵԿՄ համագումարն իսկապես կդառնա բոլոր ազատամարտիկների համախմբման համագումար. Նիկոլ Փաշինյան
«Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելը չի կարող արցախյան հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր 3 կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը»: Այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, որին հասնելու համար պետք է հետևողական աշխատել՝ դրա հիմքում դնելով ճշգրիտ բանաձևեր. «Խաղաղության մեր բանաձևը բարձրացրել եմ մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում»,- ասաց նա:
«Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույնկերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար, որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, ինչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այս սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցությունները: Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի, և որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար և, ընդհանրապես, ընդունելի են, թե ոչ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ԵԿՄ համագումարին՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն իսկապես կդառնա բոլոր ազատամարտիկների համախմբման համագումար, և արդյունքում կազմակերպությունը նոր շունչ և տրամադրություն կստանա: «Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ի վիճակի ենք «թղթե շերեփով աղերսողի» մեր ճակատագիրը փոխարինել «երկաթե» ձեռքով, խաղաղասեր մտքով և անպարտելի ոգով խաղաղություն պարտադրել և ոչ թե աղերսել: Խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում, բայց պատմական այս վստահությունը մեզ ամենևին էլ ագրեսիվ և ռազմատենչ չի դարձրել»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել