211652_close_icon
views-count2539 դիտում article-date 23:31 06-04-2019

Քննարկվում է Էջմիածնում կրոնական զբոսաշրջության բնապահպանական ծրագրի հարցը

Նպատակ ունենալով Հայաստանում և տարածաշրջանում ստեղծել կանաչ ուխտագնացության քաղաքի մոդել` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, Կլոր սեղանը, Էջմիածնի քաղաքապետարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համատեղ ծրագիր են ներկայացրել Կրոնների և բնապահպանության դաշինքին: Ծրագրով նախատեսված է հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում ուխտագնացությունը դարձնել շրջակա միջավայրը չխաթարող ու ավելի գրավիչ՝ Էջմիածինը աստիճանաբար դարձնելով ուխտագնացության մոդել Հայաստանի այլ ուխտավայրերի համար: Բազմաթիվ ծրագրերից Էջմիածինն աշխարհի սրբազան 5 քաղաքների ներկայացրած ծրագրերի շարքում է, որոնք հետաքրքրել են Կրոնների և բնապահպանության դաշինքին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրերի պատասխանատու Կարինէ Բաղդասարյանի և դաշինքի ներկայացուցիչ Սարա Բարնվինի հետ քննարկել է Էջմիածնի հնարավորություններն այդ ծրագրում ընդգրկվելու հարցում: Քննարկված ծրագիրն իր մեջ ներառնում է տարբեր ոլորտներ` կանաչապատում, ոռոգում, թափոնների կառավարում, վերականգնվող էներգիա, էկո սնունդ, կրթություն, B&B (հյուրատնային բիզնես) ցանցի ընդլայնում և այլն: Նախքան Էջմիածնի քաղաքապետարանում հյուրընկալվելը Սարա Բարնվինն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, եղել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ թեմին կից գործող Իջևանի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում, հանդիպել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև՝ այցելել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Արագածոտնի թեմին կից Աշտարակում գործող «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն: Կրոնների և բնապահպանության դաշինքն ամբողջ աշխարհում իրականացնում է կանաչ ուխտագնացության զարգացմանը նվիրված «Սրբազան քաղաքներ» (Sacred Cities) նախագիծը: Դրա շրջանակում միջկրոնական «Հավատքահեն ներդրումներ» (Faith Invest) նախաձեռնությունը մրցույթի միջոցով ընտրված սրբազան վայրերում իրականացնում է ներդրումներ, որոնք ուղղված են բնության պահպանությանը և սրբավայրերի համայնքների եկամուտներն ավելացնելուն: Օրինակ՝ անցած տարիների ընթացքում նախաձեռնության ներդրումների շնորհիվ մահմեդականների սրբազան Մեքքա քաղաքը Հաջի օրերին ազատվել է հարյուր միլիոնավոր պլաստիկ շշերից: Դա իրականացել է ուխտագնացության ամբողջ երթուղիով ջրի դիսպենսեր սարքերի տեղադրման և ջուրն այդ կերպ վաճառելու շնորհիվ: ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:

Նմանատիպ նյութեր