211652_close_icon
views-count2646 դիտում article-date 21:44 05-04-2019

ՀՖՖ նախագահը և Երևանի քաղաքապետը տվեցին Եվրո Մ-19 առաջնության հետհաշվարկի մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին՝ Հյուսիսային պողոտա 8 հասցեում (Եվրոպայի հրապարակ), տրվեց Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Պողոտայի ողջ խորությամբ տեսանելի հսկա ժամացույցին կմարեն վերջին 100 օրվա րոպեները: Եվրոպայի 7 լավագույններին կմիանա կազմակերպիչ Հայաստանի ընտրանին: Եվրոպայի՝ տարիքային այս խմբի առաջնության եզրափակիչ փուլին Հայաստանը կմասնակցի 2-րդ անգամ: Առաջին անգամ հայկական ընտրանին մասնակցել է 2005-ին: Հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես տվեցին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՖՖ նախագահն իր խոսքում ասաց. «Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ, Երևանի քաղաքապետի հետ տվեցինք սպորտային մեծ իրադարձության մեկնարկը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է Երևանում: Կարծում եմ՝ դա աննախադեպ սպորտային իրադարձություն է: Կարող ենք նշել, որ հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը: Այդ իրադարձություն էլ ավելի մեծ ճանաչում է բերելու մեր քաղաքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս գործում աջակցելու համար: Կարծում եմ՝ պետական մարմինները ևս կաջակցեն, և կկարողանանք կազմակերպել ֆուտբոլային մեծ տոն: Շնորհակալություն բոլորիդ այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար, ուրախ ենք այսօրվա համար: » Այնուհետև Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության մասին իր կարծիքը հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Շնորհակալություն մեր քաղաքում ֆուտբոլային այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Մեր երկրի պատմության, երևի թե, խոշորագույն սպորտային իրադարձությունն է: Իրոք, հուլիս ամսվա ընթացքում Երևանն ու Հայաստանը կդառնան Եվրոպայի կենտրոնը: Քաղաքապետարանի ողջ անձնակազմը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին և մասնակիցներին: Վստահեցնում եմ ձեզ՝ ամեն ինչ անցկացվելու է ամենաբարձր մակարդակով:» Վերջում պաշտոնյաներն ու ներկաները հաջողություն մաղթեցին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականին՝ նշելով, որ պատանի ֆուտբոլիստներն ունեն հանրությանն ուրախացնելու աննախադեպ հնարավորություն: Առաջնությանն ընդառաջ նոր միջոցառումներ են սպասվում: Իսկ վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր