211652_close_icon
views-count945 դիտում article-date 21:36 05-04-2019

Շինհրապարակները պետք է լինեն կահավորված ու անվտանգ. քաղաքապետարանը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ

Մայրաքաղաքում շինհրապարակները պետք է լինեն կահավորված ու համապատասխանեն անվտանգության կանոններին. քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս պատասխանատուների առջև հստակ պահանջ դրեց: «Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն թե կահավորել են իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը: Գյումրի կատարած այցի ժամանակ շինհրապարակների կազմակերպման խնդրին այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք որ մի տեղ շինարարություն ենք սկսում, դրա կանխավարկածն այդ է, որ վերջ, շինարարություն ենք սկսել, ինչ կուզենք կանենք, այդպես չի: Այդ շինարարություն իրականացնողը, նախագծողը պետք է միջավայրի մասին մտածի: Հիմա ենթադրենք այս շինարարությունը պետք է մեկ տարի տևի, այս մարդուն մեկ տարի պետք է ասենք՝ գնա Գյումրիից ուրիշ տեղ ապրի, հետո հետ կգաս: Այդ մեկ տարվա ընթացքում պարտավոր են նրա միջավայրն ապահովել: Հիմա մեր բոլոր շինարարական հրապարակների 90%-ը աղբանոց է: Երբ որ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքում կյանքը պետք է կանգնի»,- նշում է վարչապետը: Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները: «Երբ քննարկվում են կառուցապատման ծրագրերը՝ այդ ժամանակ քննարկվում է նաև կառուցապատվող օբյեկտի համար նախատեսված շինհրապարակի կազմակերպումը, որի համար նախագիծ է թողարկվում: Մենք կառուցապատողներին բազմիցս նախազգուշացնում ենք, որ իրենք այդ պարտականությունները պատշաճ կատարեն, որովհետև դրանք նաև մեր բնակչության անվտանգության հետ են կապված»,-Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը: Չնայած նախազգուշացումներին՝ կան կառուցապատողներ, որոնք շարունակում են խախտել սահմանված նորմերն ու դրա հետևանքով հետիոտնի համար ապահովելով ոչ պատշաճ անցումներ կամ տարածքը սահմանազատում երկաթե ձողերով ու ժապավեններով: «Ամենօրյա հսկողություն է իրականացվում, և կառուցապատողներին մենք նախազգուշացնում ենք, որ վերականգնեն շինհրապարակները և պատշաճ տեսքի բերեն: Երևանում այսօր ունենք մի քանի կառուցապատողներ, որոնք նախազգուշացվել են, ունենք կառուցապատողներ, որոնք վարչական տույժի են ենթարկվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշում է Ռուբեն Խոջայանը: Մայրաքաղաքում խնդրահարույց են նաև տասնամյակներ շարունակ անավարտ մնացած շինհրապարակները: Դրանք ոչ միայն վերածվել են աղբավայրերի, այլև վտանգավոր են բնակիչների համար: «Ունենք տնտեսվարողներ, որոնց անտարբերության արդյունքում առկա է հետևյալ խնդիրը, նաև ուզում եմ ընդգծել, որ պատշաճ չի լինի, որ համայնքի միջոցներով մենք այսօր այս աղբը հավաքենք մասնավոր տարածքից կամ թերի կատարված պատնեշները կառուցենք: Սա պատկանում է այս պահին «Արդշինինվեստբանկ» ընկերությանը, և, իմ կարծիքով, միջոցների խնդիր չունեն, որ այս վիճակն է: Կոչ եմ անում յուրաքանչյուր տնտեսվարողի, որ, իր շահերին զուգահեռ, նաև սոցիալական պատասխանատվություն ունենա, քանի որ միայն բոլորս միասին մեր պարտականություններն իրականացնելով կարող ենք կառուցել շատ ավելի լավ միջավայր»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Խնդիրը կարգավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ըստ անհրաժեշտության կնախաձեռնի օրենսդրական փոփոխություններ: Կսահմանվեն իրավական այնպիսի կարգավորումներ, որոնց համաձայն և՛ կառուցապատողները, և՛ շինարարությանն առնչվող այլ սուբյեկտները կստանձնեն լիարժեք պատասխանատվություն՝ շինհրապարակները սահմանված կարգի համապատասխան կահավորելու, շրջակա այդ հատվածը մաքուր և անվտանգ պահելու, ինչպես նաև սահմանված ժամկետներում շինարարությունն սկսելու և ավարտելու համար:

Նմանատիպ նյութեր