211652_close_icon
views-count2440 դիտում article-date 23:02 04-04-2019

Լիլիթ Պողոսյան․ Առաջին հերթին խաղալու եմ ինձ համար

Եվրոպական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա բադմինտոնի կանանց մենախաղերում։ Լիլիթ Պողոսյանը աշխարհի դասակարգման աղյուսակում բարձրացել է 226-րդ հորիզոնական և մենախաղերին մասնակցող 32 մարզուհիների ցանկում է։ Ապրիլի 3-ին ՀԱՕԿ-ը պաշտոնապես ստացավ Պողոսյանի մասնակցության հրավերը: Լիլիթը երկար ճանապարհ է անցել մինչև նպատակին հասնելը։ Մասնագիտությամբ լեզվաբան-լրագրող Լիլիթը մարզվում է Դանիայում, վարում է բլոգ, որտեղ պատմում է մարզական առօրյայի մասին, ընթերցողին փոխանցում հույզերն ու ցույց է տալիս սպորտի կուլիսային կյանքը: Լիլիթի մարզական ճանապարհը, թերևս, կանխորոշված էր ի սկզբանե: Հայրը՝ Հրաչյա Պողոսյանը, բադմինտոն ֆեդերացիայի գործադիր տնօրենն ու հավաքականի գլխավոր մարզիչն է. «Փոքր տարիքից եմ սկսել մարզվել, քանի որ սպորտային ընտանիքում եմ ծնվել։ Աստիճանաբար բադմինտոն շատ հարազատ դարձավ։ Ժամանակին հոբի էր, հետո հասկացա, որ կարող եմ հասնել ավելիին ու դարձրի մասնագիտություն։ Հիմա բոլոր նպատակներս հենց սպորտի հետ են կապված: Աստիճանաբար աշխատելու եմ ավելի մեծ բարձունքների հասնել ու հավասարվել աշխարհի լավագույն խաղացողների մակարդակին։ Սիրում եմ ինքս ինձ վրա աշխատել թե՛ սպորտում, թե՛ սպորտից դուրս, իսկ բադմինտոնն սպորտաձև է, որտեղ անընդհատ աշխատելու տեղ ունես ու ձգտում ես կատարելագործել հարվածներդ»։ Մինչև Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելը Լիլիթը բարդ ճանապարհ է անցել, բայց դժվար պահերին չի կորցրել մոտիվացիան ու առաջ է շարժվել․ «Ինքս ինձ անընդհատ հիշեցնում էի, որ բավական շատ եմ աշխատել այս մակարդակին հասնելու համար, հետևավաբար չեմ հանձնվելու ու մինչև վերջ պայքարելու եմ` պարտություններից ու անհաջողություններից դասեր քաղելով։ Ու բացի դրանից, ունեմ իմ հարազատ մարդկանց թե՛ Դանիայում, թե՛ Հայաստանում, ովքեր մոտիվացնում են ու ստիպում ավելի լավը դառնալ»։ Եվրոպական խաղերի համար կարևոր վարկանիշային միավորները նա ձեռք բերեց Իրանում կայացած մրցաշարի ընթացքում. մինչ այս Լիլիթը անհաջող էր հանդես եկել այլ վարկանիշային մրցաշարերում․ «2018-ի ապրիլի 1-ից սկսել էր որակավորման շրջանը։ Ես մեկ տարվա ընթացքում 15 մրցաշարի մասնակցեցի։ Վերջին 3 ամիսների ընթացքում մրցակցությունը շատ ծանր էր, որովհետև բոլորս ձգտում էինք ընդգրկվել ցուցակում, ու ամեն հաղթանակը կարևոր էր։ Հունվարին Շվեդիայում և Իսլանդիայում լավ հանդես չեկա, ու միակ հույսը մնում էր Իրանում անցկացվելիք միջազգային մրցաշարը, որը բավականին ուժեղ կազմ ուներ։ Եթե թեկուզ մեկ փուլ հաղթեի, ցուցակներում ինձնից առաջ կանգնած 5 խաղացողներից առաջ կանցնեի ու վերջնականապես կընդգրկվեի մասնակիցների ցանկում։ Այդպես էլ եղավ»։ Լիլիթի համար մասնակցությունը Եվրոպական խաղերին մեծ պատասխանատվություն է, բայց` ոչ լարվածություն․ «Հիմա, երբ արդեն նվաճել եմ ուղեգիրը, գրեթե ոչ մի լարվածություն չեմ զգում։ Պատասխանատվությունը մի փոքր վախեցնում է, որովհետև գիտեմ հայ հանդիսատեսի ու հայ սպորտասեր հասարակության վերաբերմունքը։ Գիտեմ, թե Հայաստանի համար որքան կարևոր է երկրի պատիվը բարձր պահելը։ Բայց այս ուղեգիրը իմ աշխատասիրությամբ եմ ձեռք բերել ու նախ և առաջ խաղալու եմ ինձ համար։ Դեռ երկար ժամանակ ունեմ մինչև խաղերի մեկնարկը ու համոզված եմ` քրտնաջան աշխատելուց ու մարզումներիս լիովին նվիրվելուց հետո ոչ մի լարվածություն չեմ զգալու»։ Առանց բադմինտոն կյանքը չպատկերացնող Լիլիթ Պողոսյանը փոքր ժամանակ մտածել է թենիսով զբաղվելու մասին: «Թենիս խաղալ շատ եմ սիրում ու փոքր տարիքում միշտ երազել եմ բադմինտոն փոխարեն թենիս պարապել։ Բայց ժամանակի ընթացքում ավելի շատ սիրեցի բադմինտոն, որովհետև շարժումներն ավելի շատ են ու խաղը ավելի հետաքրքիր է ստացվում»։ Մինսկում բարդ մրցակցություն է սպասվում բոլորին ․ «Բոլորն էլ բարդ մրցակիցներ են, ու ոչ մի խաղում հեշտ պայքար չի սպասվում։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն իսպանացի Կարոլինա Մարինը բոլորիս համար բարդ մրցակից կլինի։ Մասնակիցների թվում կան նաև խաղացողներ, որոնցից տեխնիկական շատ հմտություններ եմ սովորել ու որոնք ինձ համար օրինակ են ծառայում` դանիացի Միա Բլիքֆելդն ու Լինե Կյերսֆելտը։ Հիանալի կլինի խաղալ իրենց դեմ»։ Լիլիթը, ինչպես բոլորը, ինչ-որ պահի ցանկացել է ամեն ինչ ուղարկել «գրողի ծոցը», թողնել բադմինտոն և զբաղվել այլ բանով․ «Տարվա ընթացքում 2-3 անգամ լինում են այնպիսի դեպքեր, երբ ուզում ես ամեն ինչ թողնել։ Բայց միանգամից ինձ պատկերացնում եմ որևէ այլ ոլորտում աշխատելիս ու հասկանում եմ, որ ես դա չեմ ուզում։ Հիմա աստիճանաբար փոխում եմ վերաբերմունքս ու այդպիսի ծանր պահերը հաղթահարելու նոր միջոցներ եմ գտնում։ Շատ գրքեր կարդալն օգնում է ցրվել ամենօրյա սպորտային եռուզեռից։ Լինում են օրեր, երբ ատում եմ առավոտյան 6:20-ի զարթուցիցչն ու դրան հաջորդող 7:30-ի մարզումները։ Բայց մտքում փոքր նպատակներ ունենալն ու դրանց հասնելը մոտիվացնում է չհանձնվել ու շարունակել պայքարել կրկնվող սովորությունների ձանձրալի կաղապարի դեմ»։

Նմանատիպ նյութեր