211652_close_icon
views-count2355 դիտում article-date 18:02 04-04-2019

Մրցավարական պարզաբանումներ «Բանանց»-«Փյունիկ» հանդիպման վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության՝ մարտի 31-ին կայացած «Բանանց»-«Փյունիկ» խաղի մասով «Բանանցը» 9 կետից բաղկացած առարկություն է ներկայացրել ՀՖՖ: Մրցավարական կոմիտեի որոշումն առարկությունում նշված առանձին դրվագներով մեկնաբանում է ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը. «1. Ֆուտբոլը կոնտակային մարզաձև է, որտեղ ֆիզիկական հպումն անխուսափելի է, միայն թե դա լինի խաղի կանոնների սահմաններում: Մրցավարական կոմիտեի անդամների կարծիքով՝ տվյալ իրադրությունում ամեն ինչ կանոնների սահմաններում է: Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ կա խախտում, ապա դժվար չի նկատել, որ դրանից հետո գնդակին շարունակում է տիրել «Բանանցը», և միայն խաղացողի փոխանցման տեխնիկայի խոտանի հետևանքով է՝ թիմը կորցնում է գնդակը: Այսինքն, խաղային տվյալ իրադրությունում մրցավարը ճիշտ է գործել: 2. Դրվագում հստակորեն երևում է, որ «Բանանցի» խաղացողը տեսնում է մրցակցի մոտենալը և շարժելով աջ ձեռքը դեպի մրցակցի պարանոցը/դեմքը՝ փորձում է կասեցնել նրա գործողությունները: Դա ակնհայտ խախտում է: Ըստ ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ուղարկած ուսուցողական տեսագրությունների, մրցավարը նման դեպքերում պետք է նշանակի տուգանային հարված և դեղին քարտով պատժի կարգազանց ֆուտբոլիստին: Հենց այս խաղում նույնանման խախտում է կատարում «Փյունիկի» ֆուտբոլիստը, որի արդյունքում իրավացիորեն պատժվում է դեղին քարտով (խաղի 64-րդ րոպեին): 3. Առաջնորդվելով առաջին դրվագի մեկնաբանությունում նշված չափանիշով՝ մրցավարական կոմիտեն գտավ, որ մրցավարը նման իրադրությունում չպետք է նշանակեր տուգանային հարված: Կիսում ենք «Բանանցի» դիրքորոշումը. խաղը պետք է շարունակվեր: Պարզապես նշենք, որ այդ ամենը տեղի է ունեցել դաշտի միջին հատվածում: 4.Առարկության ամենաառանցքային կետերից է, քանի որ կապված է 11մ-ի պահանջի հետ և էապես կարող էր ազդել խաղի ելքի վրա: Նշենք, որ կեղծակերպ արարքը լինում է 3 տեսակի և բոլորն էլ միտված են մրցավարին ապակողմնորոշելուն. - Երբ հպում չկա, - երբ խաղացողը ինքն է ստեղծում այդ հպումը, - երբ խաղացողը օգտագործում է աննշան հպումը: Մեզ մոտ 2-րդ դեպքն է, որն ակնհայտորեն երևում է նաև դրվագի կրկնապատկերից: «Բանանցի» խաղացողն ինքն է գնում դեպի «Փյունիկի» կանգնած խաղացողը, ստեղծում այդ բախումը և վայր ընկնում: Մրցավարական կոմիտեն միաձայն համաձայնեց, որ խաղային տվյալ իրավիճակում մրցավարը գործել է ճիշտ: ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախադեպային ուղեցույցից (ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի որոշման համաձայն՝ ազատ հարված, դեղին քարտ կեղծակերպ արարքի համար)՝ 5.Ակնհայտորեն երևում է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստը ձեռքով է խաղում, բայց, ինչպես վերևում նշեցի, ֆուտբոլում կա նաև առավելություն տալու սկզբունքը, որը և մրցավարը խաղային տվյալ իրավիճակում ճիշտ կիրառել է, քանի որ տեսագրությունում հստակորեն երևում է, որ ձեռքով խաղից հետո «Բանանցը» տիրում է գնդակին, և արդյունքում վտանգավոր հարված կատարում, որը կարող էր ավարտվել գոլով: Պատկերացրեք, թե ինչպիսի իրավիճակ կառաջանար, եթե հարվածից հետո գնդակը հայտնվեր դարպասում, իսկ մրցավարը չարձանագրեր գոլը և նշանակեր տուգանային հարված ձեռքով խաղի համար: 6.«Բանանցն» իր առարկության 6-րդ կետում նշել է 64:06-ը, բայց այդ պահին գնդակը խաղի մեջ չի, և անհասկանալի է, թե ինչ է ակնկալվում, և ինչ են նկատի ունեցել: 7.Նույնը կարելի է ասել 7-րդ կետի վերաբերյալ (65:53) 8. Մրցավարական կոմիտեն համաձայնեց, որ տվյալ իրադրությունում «Բանանցի» օգտին պետք է նշանակվեր տուգանային հարված դաշտի միջին հատվածում՝ կողագծի մոտ: 9. Նշենք, որ այս իրադրությունը խաղի ժամանակ բուռն քննարկման առիթ դարձավ, քանի որ սկզբում բոլորը մտածում էին, որ պետք է նշանակվի 11մ «Բանանցի» օգտին: Դրվագի կրկնապատկերը նայելիս հստակորեն երևում է, որ խաղացողների միջև երևակայական վերջին հպումը կարող էր լինել միայն տուգանային հրապարակի սահմաններից դուրս: Այսինքն, խոսք չի կարող լինել 11մ հարված նշանակելու մասին: Բացի այդ նշեմ, որ նմանատիպ հպումից հետո ֆուտբոլիստը չի կարող կատարել 1-2 քայլ, միայն հետո վայր ընկնել: Հետևաբար, ֆուտբոլիստը ընկնում է սեփական նախաձեռնությամբ, և տվյալ իրավիճակում մրցավարական կոմիտեն համաձայնեց, որ մրցավարը գործել է ճիշտ: Նախադեպի համար հաջորդիվ կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի ուղեցուցային տեսանյութը: Նախադեպ-ուղեցույց (ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի որոշման համաձայն՝ պետք է շարունակել խաղը) Նշեմ, որ ՀՖՖ մրցավարական կոմիտեն ակումբների ներկայացուցիչների հետ միշտ բաց է քննարկումների համար, միշտ պատրաստակամ է խաղի կանոնների վերաբերյալ հանդիպումներ ունենալ», - եզրափակեց Կարեն Նալբանդյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր