211652_close_icon
views-count2030 դիտում article-date 17:25 04-04-2019

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն: Զորավարժության նպատակն է ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Մարտավարական զորավարժության շրջանակում ապրիլի 3-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ և շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների և տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահություն է հայտնել, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ և առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով: Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվելու են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը:

Նմանատիպ նյութեր