211652_close_icon
views-count981 դիտում article-date 16:17 04-04-2019

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, իսկ տվողն այդ մասին չէր հայտնել մեզ. Ա. Վանեցյան

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կերևա: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հավելեց, որ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին. առաջադրվել է մեղադրանք, սակայն հաշվի է առնվել վերջինիս առողջական վիճակն ու տարիքը, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը: Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն ասաց, որ եթե հայտներ, ապա իրեն մեղադրանք չէր առաջադրվի, և նա կազատվեր պատասխանատվությունից: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել էր առանձնապես խոշոր չափի գումար, որի փոխանցումն իրականացվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել էր՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նմանատիպ նյութեր