211652_close_icon
views-count71812 դիտում article-date 13:38 04-04-2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծ է դրել շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մանրամասներ ներկայացնելով նախածից: «Ինչպես և խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ: ՀՀ Քրեական օրենսգիրք Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, 2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, 3) շահադիտական դրդումներով, 4) առանձին դաժանությամբ, 5) խուլիգանական դրդումներով, 6) անչափահասի ներկայությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով: Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- գրել է Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր