211652_close_icon
views-count726 դիտում article-date 11:33 04-04-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք ընդգծել են հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին: Զոհրաբ Մնացականյանը և Տագեսսե Չաֆոն ուղենշել են երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների խորհդարանների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են: Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտները: Նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար:

Նմանատիպ նյութեր