211652_close_icon
views-count1308 դիտում article-date 23:36 03-04-2019

Երևանում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 3-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին: Ողջունելով և խորհրդանշական որակելով Բուխարեստ-Երևան առաջին ուղիղ չվերթով ռումինական պատվիրակության ժամանումը Հայաստան՝ փոխնախարար Ադոնցը նշեց, որ այն կարևոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային համագործակցության ակտիվացման գործում: Զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա աշնանը ՀՀ ԱԳ նախարարի Ռումինիա նախատեսվող այցի մանրամասներին: Կողմերը վերահաստատեցին երկկողմ տնտեսական ու մշակութային հարուստ օրակարգ ձևավորելու իրենց պատրաստակամությունը: Շնորհավորելով Ռումինիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ՝ փոխնախարար Ադոնցը հաջողություն մաղթեց Եվրոպական օրակարգն արդյունավետորեն իրականացնելու համար՝ նշելով, որ Հայաստանը նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ իր համագործակցության 10-ամյակը: Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Արման Եղոյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր