211652_close_icon
views-count3143 դիտում article-date 22:33 03-04-2019

Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եթովպիայի ԱԳՆ պետնախարարին

Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ: Նախարար Մնացականյանը կարևորեց իր պաշտոնական այցելությունը Եթովպիա՝ ընդգծելով, որ աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների խորացումը, տարածաշրջանում Հայաստանի ներկայության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը հանդիսանում են կառավարության առաջնահերթություններից մեկը։ Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմականորեն ձևավորված և դարերի պատմությամբ միահյուսված կապերն ամուր հիմք են ստեղծում արդի փուլում երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն առանձնահատուկ ընդգծեց հայկական համայնքի պատմական դերը Եթովպիայի արդիականացման գործում: ՀՀ ԱԳ նախարարն ու Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս արդյունավետորեն օգտագործելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ համագործակցության ուղղությամբ: Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային կառույցներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, կարևորվեց ոլորտային խորհրդակցությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Ներկայացնելով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները՝ դրանք դիտարկելով նաև հայ-եթովպական երկկողմ օրակարգի հավանական բաղադրիչ: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց, որ պատահական չէ իր գլխավորած պատվիրակության կազմում նաև հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում աֆրիկյան գործընկերների հետ առարկայական քննարկումներ անցկացնելու համար և ուրվագծելու հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները։ Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը: Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, նախարար Մնացականյանի խոսքով, նոր հեռանկարներ է բացում արտաքին քաղաքական երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր