211652_close_icon
views-count2513 դիտում article-date 17:52 03-04-2019

Ագրարային համալսարանի ռեկտորը միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինծառայողների հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը: Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց աշխատանքի ընդունել տղաներին: Նախնական պայմանավորվածության համաձայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի իրենց մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի: Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամությունը հայտնեց իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորեց այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է: Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկեցին միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշեցին ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր