211652_close_icon
views-count3534 դիտում article-date 13:57 02-04-2019

Գեղարքունիքի մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել. ԱՆ-ն հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի: Հիշեցնենք, որ բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել նշյալ պայմանները: [b]Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:[/b]

Նմանատիպ նյութեր