3412 դիտում
10:55 02-04-2019
Թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ
Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից:
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտարարությունը
Դիմելով հանրությանը՝ գեներալ Կարապետյանը մասնավորապես ասել է.
«Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով:
ՊԲ-ում անցած զինվորական ծառայության ընթացքում իմ համար առանձնահատուկ տեղ ունի հատկապես այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում էի Կենտրոնական պաշտպանական շրջանի՝ լեգենդար ЦОР-ի հրամանատարի պաշտոնը: Լինելով բանակի գլխավոր հարվածային ուժը, 1992-ից 1994 թվականներին զորամասն իր մասնակցությունն ունեցավ Արաքսից մինչև Օմար ընկած ռազմաճակատային գծում ծավալված գրեթե բոլոր մարտական գործողություններին և իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով: Այսօր հպարտորեն կարող եմ արձանագրել, որ ձեր խոնարհ ծառայի հրամանատարությամբ գործող անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ 1992-ի աշնանը հակառակորդին կանգնեցնել Խաչենագետի մատույցներում, այլև պաշտպանությունից անցնելով հակահարձակման, նախ՝ ազատագրել նախկինում բռնազավթված երեք տասնյակից ավելի հայկական բնակավայրեր, ապա զարգացնելով առաջխաղացումը՝ ոչնչացնել շուրջ 60 թշնամական ռազմահենակետ: Անչափ խորհրդանշական է, որ դրանցից մեկը՝ Քարվաճառի ռազմակայանը վնասազերծվեց ուղիղ 26 տարի առաջ հենց այս նույն օրը՝ ապրիլի 2-ին:
Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. տակավին այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը:
Օգտվելով առիթից ես իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել եմ արժանապատիվ մարտական ուղի:
Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր այն զինակիցներին, ովքեր և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց արարումներով բարձր պահեցին հայ զինվորականի անունն ու պատիվը և այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են փառքով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:
Ավարտելով խոսքս վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում:
Ամենալավն ու բարին բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
3791 դիտում
17:31 23-05-2019
Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ
71802 դիտում
00:23 25-04-2018
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել