211652_close_icon
views-count930 դիտում article-date 10:27 02-04-2019

Մեզ համար թանկ է մեր ամեն մի կյանքը. Ապրիլյան պատերազմի ծանր դասը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցնող երեք տարիների ընթացքում հայկական հանրությունը շարունակաբար վերլուծում է այն գործոնները, հանգամանքները, խորքային սխալները և վրիպումները, ինչպես նաև ընդհուպ հնարավոր, կանխավարկածային ծրագրված դիտավորությունները, որոնք կարող էին հասցնել պատերազմի և դրա ցավալի հետևանքին, հայկական զինուժի և խաղաղ բնակչության զոհերի: Ի վերջո, որքան էլ Ադրբեջանը տվեց շատ ավելի մեծ թվով կորուստներ, այդուհանդերձ, մեզ համար թանկ է մեր ամեն մի կյանքը, ամեն մի քաղաքացու կյանքն ու առողջությունը, լինի զինվոր, թե խաղաղ բնակիչ: Ըստ այդմ, Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինեն հենց այդ ելակետից բխող հետևությունները, և միաժամանակ նաև հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար: Ինքնին հասկանալի է, որ պատերազմը կանխելը լոկ մեզնից կախված հանգամանք չէ, բայց մենք պետք է համոզված լինենք, որ մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և գուցե ավելին: Իսկ այստեղ, առաջին հերթին, իհարկե, պատերազմին պատրաստ լինելն է՝ կանխելու հիմնական գրավականը, հակառակորդի մոտ որևէ գայթակղություն թույլ չտալը: Սա է, որ Հայաստանը չէր ապահովել իբրև պետություն: Եվ ավելին, տարեցտարի ավելի մեծացրել էր Ադրբեջանի այդ «գայթակղությունը», որ կարող է հարց լուծել ռազմական ճանապարհով: Դա կանխեցին բանակն ու հանրությունը: Ըստ այդմ, մեր խնդիրն է հասնել նրան, որ ունենանք կանխարգելող պետություն: Թավշյա հեղափոխությունն այդ խնդիրը լուծելու մեծ հնարավորություն է, որը նաև օգտագործվում է, այդ թվում՝ արցախյան գործընթացում: Ներքին կառավարման առումով կան արդյունավետության և դինամիկայի հետ կապված տարբեր գնահատականներ ու դժգոհություններ, բայց դրանք նաև պետք է խթան լինեն ավելի մեծ արդյունավետության ու դինամիկայի հասնելու համար: Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը նկատելիորեն վերագնահատում է իր մոտեցումները պետականության և այդ գործում արցախյան հարցի առումով՝ լավ գիտակցելով, որ անվտանգությունն ու կայունությունը սեփական իրավունքների մասին լիարժեք և հստակ բարձրաձայնելն է, այդ առումով մաքսիմալիզմ դրսևորելը, որովհետև հակառակ դեպքում կարող ենք ընդամենը հայտնվել թույլ օղակի դերում: Ապրիլյան պատերազմի մասնակիցները, դրա ընթացքում հերոսաբար ընկածները, նաև իրենց առողջությունն այդ պատերազմին տվածները Հայաստանին տվել են պետականության շանս, ապագայի շանս՝ առանց չափազանցության: 2018-ի ապրիլին մենք զգալիորեն օգտագործեցինք հենց այդ շանսը, բայց ունենք այն ամբողջացնելու խնդիր, միաժամանակ իհարկե գիտակցումով, որ այդ շանսի օգտագործումը ավարտ չունի՝ մենք պետք է անընդհատ, ամեն օր պատերազմ կանխարգելենք և խաղաղություն պարտադրենք մեր զարգացման և հանրային համերաշխության ուժով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր