211652_close_icon
views-count1775 դիտում article-date 20:00 01-04-2019

Քննարկվել են ՀՀ տարբեր մարզերում հրշեջ-փրկարարական կայանների նորոգման, կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման հարցերում Համաշխարհային Բանկի աջակցության հնարավորությունները

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Դպիրյանն ընդունեց Տաֆաձվա Դուբիին, որը գլխավորում է Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմը: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի նպատակները և դրա հիդրոօդերևութաբանական բաղադրիչները, գնահատել ընթացիկ գործունեության առաջընթացը և նախանշել անելիքները: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Ա. Դպիրյանը նշեց, որ նախկինում Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված աջակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում ոլորտի զարգացմանը՝ մասնավորապես առանձնացնելով հիդրոօդերևութաբանական ծառայությանը սերվերների տրամադրումը: Ա. Դպիրյանի առաջարկով քննարկվեց Համաշխարհային Բանկի օգնությամբ այդ սերվերների՝ ինքնաշխատ համակարգի փոխարկելու հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տաֆաձվա Դուբին նշեց, որ ՀԲ օգնությունը բաղկացած է 2 հիմնական մասից՝ տեխնիկական (վերլուծություն, վերապատրաստում, դասընթացներ և այլն) և ներդրումային աջակցություն: Նա նշեց, որ Հայաստանի աջակցության հայեցակարգ է մշակվում, որում հաշվի կառնվեն բոլոր այն կարիքները, որոնք կներկայացվեն ԱԻ նախարարության աշխատակազմի կողմից: Քննարկվեցին նաև ՀՀ կառավարության ու ՀԲ-ի հետ համատեղ դոնորների աշխատաժողովի կազմակերպման հնարավորությունները, որի հիմնական նպատակը կլինի ներկայացնել ճանապարհային քարտեզը և Հիդրոմետ ծառայության արդիականացման միջոցառումների համար ստանալ դոնորների աջակցությունը: ՀՀ ԱԻ նախարարություն կատարած այցի շրջանակներում ՀԲ պատվիրակությունը հանդիպեց նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի հետ: Այս հանդիպման օրակարգում էր քննարկել ՀԲ-ի կողմից փրկարար ծառայությանն աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերը: ՓԾ տնօրենը կարևորեց Տ. Դուբիի և նրա գլխավորած պատվիրակության հետ առաջին հանդիպումը և հույս հայտնեց, որ այն կդառնա մեկնարկ՝ Հայաստանում ԱՌՆ կարողությունների զարգացման տեսանկյունից: Ա. Նահապետյանը նշեց, որ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի և այլ պետությունների ու միջազգային կառույցների օժանդակությամբ Հայաստանի տարբեր մարզերում զարգացվում են աղետների դեմ պայքարի կարողությունները: Նրա խոսքով, սակայն, դեռևս որոշ մարզեր կարիք ունեն արդիականացման, և այդ բացը կարող է լրացվել ՀԲ-ի ներդրումների շնորհիվ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ տարբեր մարզերում հրշեջ-փրկարարական կայանների նորոգման, բարեկարգման, գույք-տեխնիկական վերազինման, կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման հարցերում ՀԲ-ի աջակցության հնարավորությունները: Կողմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիս-հունիս ամիսներին, երբ արդեն մշակված կլինեն հայեցակարգի հիմնական դրույթները:

Նմանատիպ նյութեր