211652_close_icon
views-count4661 դիտում article-date 17:23 29-03-2019

Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը տևեց 2 ժամ. նրանց կրկին միացան համանախագահներն ու ԱԳ նախարարները

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց 2 ժամ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի էջում։ Նախագահների առանձնազրույցից հետո նրանց կրկին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 14:00-ին: Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակ դռների հետևում: Հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է: Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք է մեկնել մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ: Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում մարտի 29-ին տեղի կունենա նաև Փաշինյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր