211652_close_icon
views-count10030 դիտում article-date 12:43 29-03-2019

Ինչպես մաքուր պահել քաղաքը, և ով է մեղավոր կեղտի համար

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նամակ է ստացել իր ընթերցողներից մեկից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ Վերջին տարիներին անընդհատ քննարկվում է Երևանի աղտոտվածության հարցը։ Բնակիչները մեղադրում են իշխանություններին, վերջիններս պատասխանատվությունը թողնում են մաքրությունն ապահովող ընկերությունների վրա, բայց կա նաև խնդրի մյուս կողմը. քաղաքն անընդհատ աղտոտող մարդիկ։ «Մաքուր է լինում ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն կեղտոտում»։ Երկրները հաջողում են իրենց քաղաքացիների գիտակցության հաշվին։ Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, գիտակցության բարձրացմանը լավագույնս կարելի է հասնել տուգանքների միջոցով։ Այսպես՝ առաջադեմ երկրներից որոշները՝ Անգլիան, Շվեյցարիան, Չինաստանը, Ավստրիան, ունեն միջին տուգանք փողոցն աղտոտելու համար։ Տուգանքների մեջ խիստ է Ավստրալիան, այնտեղ տուգանքը հասնում է 7500$-ի։ Առանձնանում են, բնականաբար, Սինգապուրն ու Ճապոնիան։ Նախ՝ Սինգապուրում տուգանքը բավականին մեծ է (1000 սինգապուրյան դոլար), իսկ եթե քաղաքացին շարունակում է խախտել օրենքը, նրան սպասվում է ազատազրկում։ Խիտ բնակեցված Ճապոնիան էլ խիստ լուծումներով է կարողացել հաղթել փողոցն աղտոտողներին՝ մինչև 5 տարի ազատազրկում և 10 մլն իեն տուգանք։ Խնդրի լուծման բազմաթիվ ճանապարհներ կան՝ վերոնշյալ տուգանքները, ազատազրկումը, բայց լավագույն տարբերակը քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումն է։ Մեր դիմացի շենքը սովետական կառույց է՝ դասական և ոչ տրամաբանական աղբատարներով։ Դրանք, բնական է, ինչ-որ պահի աշխատել են, բայց հիմա, մանավանդ՝ շոգ օրերին, դարձել են բնակիչների համար պատուհաս։ Վերջիններս էլ գտել են շատ հետաքրքիր ելք։ Գարշահոտին աղբակույտին անգամ մոտ չեն գնում, փոխարենը մի քանի վայրկյանով բացում են պատուհանը և հենց էդպես՝ պատուհանից աղբը նետում են աղբամանի ուղղությամբ։ Քանի որ մեր բակի ոչ բոլոր բնակիչներն են վաստակավոր բասկետբոլիստ, աղբը հաճախ թռչում է հակառակ ուղղությամբ՝ ընդհանուր լանդշաֆտի մաս կազմելով։ Մեր բակի օրինակները հավերժ են։ Հիշատակման է արժանի հանրակրթական դպրոցներից մեկի հարակից փոքրիկ այգին, որտեղ ծաղկող բալենիներին զուգահեռ ծաղկում են գազավորված ըմպելիքների շշերը, տարբեր կոնֆետների թղթերը և այլն։ Աշակերտները, ընդօրինակելով շենքի բնակիչներին, դադարել են աղբաման որոնել։ Այսպիսի պեյզաժ է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Մի կողմից՝ գուցե պե՞տք են մեծ տուգանքներ, հսկող տեսախցիկներ, որ մարդիկ ֆինանսական պատժից դրդված փոխեն իրենց վարքը։ Մյուս կողմից էլ՝ չէ՞ որ մեր երկիրը կարծես փորձում է հրաժարվել անխտիր տուգանելու և պատժելու ձևաչափից։ Այս մոտեցումը, բնականաբար, ամենանախընտրելին է՝ մանավանդ, երբ այն համակցվում է քաղաքացիներին կրթելու, լուսավորելու գործին։ Ընդհանուր առմամբ՝ աղբի խնդիրը երկկողմանի է, մեղավոր են թե՛ թափողները, թե՛ վատ հավաքողները։ Դիսկուրսի կողմերը կհաղթահարեն իրավիճակը, եթե պատրաստ լինեն փոխել իրենք իրենց։ Աղբահանության ծառայության աշխատակիցներին ավելի լավ աշխատել ստիպելու բազմաթիվ ուղիներ կան, իսկ արդյունքը կլինի փողոցն իսկապես ավլող, ոչ թե ցախավելը ուղղակի աջ-ձախ շարժող մարդը։ Եթե դպրոցի ուսուցիչները դասերի ընթացքում աննկատ սովորեցնեն երեխաներին հարգել բնությունը, ուրիշի աշխատանքը, վաղը մենք կունենանք ավելի գիտակից քաղաքացիներ։ Մենք սրտացավ չենք։ Սրտացավ չենք մեր բակերի, այգիների, երկրի հանդեպ։ Մենք փակվել ենք ինքներս մեր մեջ՝ թույլ տալով փողոցի խուժանին՝ լինեն խուժան։ Այդպես էր առաջ, երբ միահամուռ ուժերով թույլ էինք տալիս թալանչուն՝ լինել թալանչի, կաշառակերին՝ կաշառակեր։ Այս համատեքստում պետք է հիշել մայիսի իրադարձությունները, երբ հաղթական օրվանից հետո փողոցը մաքրելու դուրս եկան այն մարդիկ, ովքեր աղբը հատակին չեն նետում։ Աշոտ Սարգսյան

Նմանատիպ նյութեր