211652_close_icon
views-count1737 դիտում article-date 11:41 29-03-2019

Մեզնով չի սկսվել, մեզնով չի ավարտվելու․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Թեև մենք գրում ենք «հին Հայաստան», «նոր Հայաստան», «հին Հայաստանում այսպես էր», իսկ «նորում» այսպես է կամ այսպես պետք է լինի, դա անձամբ ինձ համար զուտ պայմանականություն է, ուղղակի հակիրճ արտահայտվելու ձև։ «Հին-նոր Հայաստան» եզրաբանության տակ ես հասկանում եմ հետևյալը. մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունն ընդհանուր առմամբ դրական, հեռանկար բացող երևույթ էր, և այն, ինչ մեր քաղաքացիների մեծամասնության համար մերժելի էր մեկ տարի առաջ, չպիտի կրկնվի այսօր (ցավոք, երբեմն կրկնվում է): Բայց խոշոր հաշվով, հայեցակարգային առումով ինձ համար հին ու նոր Հայաստան չկա՝ ոչ միայն վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած իշխանափոխությունները հաշվի առնելով, այլև՝ ընդհանրապես։ Այդ առումով ես որպես «հին» չեմ ընկալում նաև Խորհրդային Հայաստանը, որտեղ ես մեծացել եմ, «հին» չէ նաև Առաջին հանրապետությունը, որի մասին միայն կարդացել եմ։ Պետականություն ստեղծելու փորձերն ինքնին այնքան գնահատելի են, որ պետք է պարզապես շնորհակալ լինել մեր ժողովրդին և նրա հայտնի ու անհայտ ներկայացուցիչներին, որոնք 20-21-րդ դարերում այդ փորձերը ձեռնարկել են։ Իհարկե, տարբեր ազգերի անցյալի մեջ եղել են պահեր, որոնք նրանք ամբողջությամբ մերժում են։ Գերմանացիներն, օրինակ, մերժում են նացիզմը, բայց ոչ այն պատճառով, որ նացիստական ղեկավարները հանցագործություններ են կատարել, դա արել են նաև բազմաթիվ այլ պետությունների ղեկավարներ։ Գերմանացիները մերժում են նացիստական գաղափարախոսությունը՝ դրա անթաքույց, ընդգծված հակամարդկային բնույթը։ Այլ է, օրինակ, կոմունիստական գաղափարախոսությունը, որը լավը կամ վատը լինելով, մարդատյացություն չի քարոզում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կոմունիստական ղեկավարները հանցագործություններ չեն կատարել։ Իհարկե, ոչ։ Վերջերս, օրինակ, կարդացի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադային Լենինգրադում կուսակցական վերնախավը լավ էլ քեֆեր էր անում, երբ հարյուր հազարավոր մարդիկ բառիս բուն իմաստով սովամահ էին լինում։ Բայց դրանից չի կարելի հետևություն անել, որ խորհրդային 70 տարիներին ոչ մի լավ բան չկար, և այսօր ոչ մի կոմունիստ իրավունք չունի որևէ հարցով կարծիք արտահայտելու: Հուսով եմ, պարզ է, թե ինչու եմ ես այդ ամենը հիշեցնում: Մեզ դուր չէր գալիս, չէ՞, երբ 2015 թվականի փետրվարին հայտնի ՀՀԿ-ականները իրենց ղեկավարին հաճոյանալու համար ոհմակով հարձակվել էին Գագիկ Ծառուկյանի վրա (անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ գործչին): Ինչո՞ւ ենք հապա հրճվում, երբ ցանկացած ՀՀԿ-ականի ցանկացած մտքի տակ հայտնվում են հարյուրավոր հայհոյանքներ, կամ երբ իրավապաշտպանները, մեղմ ասած, խրախուսում են այդ ոհմակային տրամադրությունները: Անկախ նրանից, թե արդյոք այդ ամենն արվում է ներկայիս իշխանություններին դուր գալու համար կամ թելադրված է ինքնաբուխ «աբիժնիկությամբ», դա պետական մշակույթի տեսանկյունից սխալ, հակաարդյունավետ կեցվածք է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր