211652_close_icon
views-count1350 դիտում article-date 22:41 27-03-2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների արդյունքները Երևանում արձանագրելու հնարավորության համար, մասնավորապես միջազգային դիտորդական բոլոր առաքելությունների, ներառյալ՝ ԵԽԽՎ-ի բարձր գնահատականին արժանացած 2018թ. դեկտեմբերի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած ու ակնկալվող փոխայցելությունները վկայում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ ակտիվ և դինամիկ երկխոսության շարունակականության և դրականորեն ընդգրկուն օրակարգի մասին: Նախարար Մնացականյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ժողովրդավարության հասունացման և կայացման գործում։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական ոլորտներում: ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հանգամանորեն անդրադարձան Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին, մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի օրակարգում արդիականություն հանդիսացող հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր