211652_close_icon
views-count3441 դիտում article-date 12:06 27-03-2019

Մտադրված ենք բարձրացնել զինծառայողների ու ուսուցիչների աշխատավարձը․ Նիկոլ Փաշինյան

«Երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով մենք եկել ենք այն համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է: Այսինքն՝ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով: Սա վերջին առնվազն 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև մենք առնվազն բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով»,- Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի մեկից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի մեկից նույն չափով բարձրացնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Խոսքը մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է: Բացի այդ, մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար, բայց նաև մենք հույս ունենք և գիտենք, որ այս գործընթացում կլինեն խնայողություններ: Մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ այս տարի կհաջողվի գերազանցել: Նշեմ, որ այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը, դա բոլորովին ուրիշ պատմություն է»,- մանրամասնեց վարչապետը: Կառավարությունը մտադիր է ևս 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: «Սրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: Նախորդ տարի մենք նույնպես պատրաստ էինք 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերին, սակայն տարվա արդյունքներով պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն այդքան գումար ծախսել, որովհետև չկան այդքան ծրագրեր: Սուբվենցիոն են կոչվում այն ծրագրերը, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը ֆինանսավորում են համայնքները: Չնայած նախորդ տարվա մեր պատրաստակամությանը՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը 10 միլիարդ դրամ հատկացնել, նախորդ տարի մենք այս նպատակի համար կարողացանք ծախսել ընդամենը 1.6 միլիարդ դրամ: Մենք հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի լիարժեք կերպով համայնքներում ծախսել այս 10 միլիարդ դրամը, որովհետև մենք համոզված ենք, որ այդ գումարի նպատակային ծախսման արդյունքում քաղաքացիները իրենց կյանքում կզգան շատ կոնկրետ փոփոխություններ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր