211652_close_icon
views-count1007 դիտում article-date 11:55 27-03-2019

Տիգրան Խաչատրյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի ղեկավարած պատվիրակությանը։ Դմիտրի Մարիյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմի հետ, քանի որ նախարարությունը ՄԱԶԾ առանցքային գործընկերներից մեկը պետք է լինի։ Նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, երկարաժամկետ նպատակները, անդրադարձել տնտեսության՝ զարգացման առավել մեծ ներուժ ունեցող հեռանկարային ոլորտներին։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ համակարծիք է նախարարի հետ՝ որպես առաջանահերթություն սահմանելով արտադրողականության բարձրացման խնդիրը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են աշխատուժի նոր հմտությունների ձևավորմանը, աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի գրագետ համադրմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված կենտրոնի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ նախօրեին մեկնարկած Travelinsights գործիքի հետագա կիրառումը։ Տիգրան Խաչատրյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում համագործակցության հնարավորությունները՝ զբոսաշրջային արդյունքի բազմազանեցման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Ներկայացվել է նաև ՄԱԶԾ գործունեությունը մարզային և գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ շեշտադրելով տեղի բնակչությանը գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի դերին՝ մարզային զբոսաշրջային կենտրոնների զարգացման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական քննարկումների միջոցով անդրադառնալ առանձին ոլորտային ծրագրերին, ինչպես նաև տեղում ծանոթանալ և քննարկել որոշ մարզային ծրագրերի զարգացման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր