12625 դիտում
16:25 25-03-2019
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ամփոփել է Երևան քաղաքի քննիչների 2018 թվականի աշխատանքները. «Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը: Մեր կարգախոսը պետք է լինի օպերատիվությունն ու որակը»ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները:
Երևան քաղաքի քննչական վարչության պետը և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների պետերը հանդես են եկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
«Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը: Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի օպերատիվությունն ու որակը»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շեշտեց քաղաքացիների հետ շփման կարևորությունը. «Քաղաքացիների հետ շփումներում դրսևորեք սրտացավ և կոռեկտ վարքագիծ»,- ասաց ՔԿ նախագահը:
Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ այն գիտելիքների կատարելագործմանն ուղղված քայլ է. «Անցնելու եք շատ խիստ ատեստավորում և այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտեց Քննչական կոմիտեի նախագահը:
Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ ստորաբաժանման ղեկավարները պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար.«Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն: Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Ղեկավարը պետք է անձամբ գործ քննի՝ իրականությունից չկտրվելու և քննիչի դրության մեջ մտնելու համար: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է: Ձեր վարքով և աշխատանքով հեղինակություն դարձեք Ձեր ենթակաների համար»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը Երևան քաղաքի քննչական վարչության և հինգ քննչական բաժինների աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
Դիմելով քննիչներին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված խնդիրները պատվով հաղթահարելու համար. «Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+